Տոնակատարություն՝ Լեհաստանում Հայ Առաքելական Եկեղեցու Արքեպիսկոպոսության 655-ամյակի առիթով
08 Սեպտեմբերի 2023, 15:56
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/09/08104821/poland-arm-church-655-1-4.jpg)
Սեպտեմբերի 3-ին Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արքեպիսկոպոսության հիմնադրման 655-ամյակի տոնակատարության շրջանակներում Կրակովի Վավելի Մայր Տաճարում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք՝ Կրակովի միտրոպոլիտ Մարեկ արքեպիսկոպոս Յեդրաշևսկու, Լեհաստանի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ` Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից:
Orer.eu-ի փոխանցմամբ՝ Գերաշնորհ Խաժակ արք. Պարսամյանը, դիմելով ներկաներին, ասել է, որ Լեհաստանում հայերի ներկայությունը գրեթե 800 տարվա երկար պատմություն ունի:
«Այս արարողության ընթացքում մենք աղոթում ենք Լեհաստանի և Հայաստանի համար, ինչպես նաեւ համայն աշխարհի խաղաղության համար: Թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաղաղությունը լինի բոլորիս հետ և թող նա ոգեշնչի և առաջնորդի աշխարհի ղեկավարներին՝ խաղաղություն բերելու ազգերի և ժողովուրդների միջև»:
Միջոցառմանը ելույթ է ունեցել Լվովի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցու «Սաղմոս» երգչախումբը` ղեկավարությամբ Անի Պապիկյանի: Համերգներից առաջինը նվիրված է եղել Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետին:
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/09/08104829/poland-arm-church-655-1-3-683x1024-1.jpg)