Թուրքիան շարունակում է աշխարհին վաճառել «Զանգեզուրի միջանցքը»
28 Ապրիլի 2026, 19:30
(Թուրքիան իրեն տեսնում է որպես նոր գլոբալ տրանսպորտային հանգույց)
«Հորմուզի նեղուցի շուրջ բորբոքվող հակամարտությունների և աշխարհի կենսականորեն կարևոր էներգետիկ զարկերակների հնարավոր կաթվածահարության ֆոնին՝ Թուրքիան ծավալում է մասշտաբային աշխարհաքաղաքական խաղ՝ իր տարածքը ներկայացնելով որպես կայունության միակ «կղզյակ» և անվտանգ հանգրվան համաշխարհային առևտրի համար:
Առաջատար թուրքական պարբերականները, մասնավորապես՝ «Yeni Şafak» թերթը, ամերիկյան «Financial Times»-ից հետո կրկին ակտիվորեն առաջ են մղում «Զանգեզուրի միջանցքի» հայեցակարգը ոչ թե պարզապես որպես տարածաշրջանային նախագիծ, այլ որպես կրիտիկական նշանակության գլոբալ այլընտրանք։ Անկարայի համար այս երթուղին դարձել է Ասիայի և Եվրոպայի միջև տարանցիկ հոսքերի վերահսկողությունը զավթելու հավակնոտ ծրագրի կենտրոնական տարրը: Թուրքական մեդիատիրույթում հայկական տարածքով անցնող միջանցքի մասին խոսում են արդեն որպես կայացած փաստի՝ անտեսելով Երևանի ինքնիշխան մտահոգությունները և նախագիծը ներկայացնելով որպես «միջազգային խաղաղության և բարօրության ճանապարհի» մաս։Շ
Այս ուղղության ռազմավարական նշանակությունը Անկարայի համար կտրուկ աճել է Պարսից ծոցի ավանդական երթուղիների փակման սպառնալիքի պատճառով։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղղակիորեն հայտարարում է, որ ներկայիս գլոբալ ճգնաժամը Թուրքիայի առջև «նոր դռներ» է բացում՝ թույլ տալով անվտանգության սպառնալիքները վերածել տնտեսական հնարավորությունների։ Այս աշխարհատնտեսական մանևրի շրջանակներում թուրքական իշխանություններն արդեն ձեռնամուխ են եղել Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջան» սահմանային անցակետի տեխնիկական վերազինմանը, որը փակ էր մնացել ավելի քան երեսուն տարի։ Այս կետը դիտարկվում է որպես այսպես կոչված «Միջին միջանցքի» «փազլի պակասող տարրը»։
Թուրքական էլիտան, ներառյալ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, գործում է տպավորիչ թվերով. Եվրոպայի և Ասիայի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է երեք տրիլիոն դոլար, և այդ հոսքի մի մասի տեղափոխումը Թուրքիայով և Անդրկովկասով անցնող ցամաքային երթուղի կարող է կրճատել բեռների առաքման ժամկետը 40-ից հասցնելով 12–15 օրվա։
Այս տեսլականի հիմքում ընկած են երկու հենասյուներ՝ Իրաքով անցնող «Զարգացման ուղի» նախագիծը և տրանսպորտային առանցքի ամրապնդումը, որը կապում է Թուրքիան Ադրբեջանին հենց Հայաստանի տարածքով։ Ինչպես հայտնում է «Yeni Şafak»-ը, թուրքական շինարարական հսկաները, ինչպիսին է Kalyon ընկերությունը, արդեն իսկ իրականացնում են երկաթգծերի անցկացման աշխատանքներ նախատեսվող երթուղու երկու կողմերում։ Անկարայի լավատեսությունն ամրապնդվում է ԵՄ պաշտոնյաների հետաքրքրությամբ, որոնք Միջին միջանցքն անվանում են «խաղի կանոնները հիմնովին փոխող» գործոն։ Սակայն վառ շնորհանդեսների հետևում թաքնված են լուրջ աշխարհաքաղաքական արգելքներ։ J.P. Morgan-ի փորձագետները զգուշացնում են, որ երթուղին դեռևս մնում է «անհասանելի անհրաժեշտություն» Կասպից ծովում լոգիստիկ բարդությունների պատճառով, իսկ Ռուսաստանը միանշանակ հասկացնում է՝ Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք և տարածաշրջանում Մոսկվայի շահերը շրջանցելու փորձերը կարող են ծանր հետևանքներ ունենալ Երևանի համար՝ հասնելով մինչև գազի մատակարարման ընդհատումների։
Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, մեղմ ասած, իրականությունից կտրված են թվում։ Այն ժամանակ, երբ Թուրքիան և Ադրբեջանը փաստացի տնօրինում են հայկական տարածքների ապագան՝ պլանավորելով համաշխարհային մասշտաբի լոգիստիկ շղթաներ, Փաշինյանը ելույթ է ունենում ԱԱԾ սահմանապահ զորքերի առջև՝ խոստանալով ավարտին հասցնել սահմանների սահմանազատումը և բոլոր սահմանագծերը հանձնել բացառապես հայկական ստորաբաժանումների պատասխանատվությանը։ Նման հռետորաբանությունը երկրի ներսում, որն ուղեկցվում է սահմանապահ զորքերում զորակոչիկների հավաքագրման մասին լուրերով, շատ փորձագետների կողմից ընկալվում է որպես ժողովրդին ինքնիշխանության մասին «հեքիաթներով կերակրելու» փորձ այն պայմաններում, երբ առանցքային որոշումները կայացվում են պաշտոնական Երևանի թիկունքում։
Ասիայից Եվրոպա տարանցման նկատմամբ վերահսկողության վերաբերյալ Անկարայի աշխարհաքաղաքական երազանքն ուղղակիորեն կախված է Սյունիքում նախագծի իրականացումից, որը թուրքական լրատվամիջոցներում այլևս չի քննարկվում, այլ աշխարհին ներկայացվում է որպես պատրաստի ապրանք։ Այս իրավիճակում հայկական ղեկավարության փորձերը՝ սահմանազատման գործընթացը կամ հայկական սահմանի տարբեր հատվածներից ռուս սահմանապահների դուրսբերումը ներկայացնել որպես «պետականության հաղթանակ», ծաղր են թվում տարածաշրջանում տիրող իրական վիճակի նկատմամբ, որտեղ սահմաններն ու տրանսպորտային հանգույցները վերաձևվում են գլոբալ խաղացողների շահերին համապատասխան:
Մտածե՛ք այդ մասին…»։