Արուս Ոսկանյան․ հայ թատրոնի աստղը
28 Ապրիլի 2026, 22:20
Արուս Ոսկանյանը (Դարբասյան) ծնվել է 1889 թվականի ապրիլի 28-ին Կոստանդնուպոլսում՝ հայ ընտանիքում։ Երիտասարդ տարիներն անցկացրել է Անկարայում, որտեղ ստացել է լավ կրթություն։ Նրա բեմական դեբյուտը կայացել է 1908 թվականին Կոստանդնուպոլսում, և արդեն այդ ժամանակ քննադատները նշում էին նրա արտահայտիչ խաղը։
1910 թվականին Ոսկանյանը տեղափոխվել է Անդրկովկաս և հաստատվել Բաքվում։ Այստեղ նա միացել է հայկական թատերախմբին՝ դառնալով առաջատար դերասանուհիներից մեկը։ Շեքսպիրի «Համլետ»-ում Օֆելյայի և «Օթելլո»-ում Դեզդեմոնայի, ինչպես նաև Շիրվանզադեի «Չար ոգի» և «Նամուս» պիեսներում Սոնայի ու Սուսանի դերերը նրան մեծ ճանաչում են բերել։ Այդ շրջանում նա ամուսնացել է դերասան Հովսեփ Ոսկանյանի հետ, որի հետ կիսել է թե՛ բեմը, թե՛ կյանքը։
1917 թվականին դերասանուհին տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ դարձել է Հայոց դրամատիկական ընկերության անդամ և ակտիվորեն մասնակցել քաղաքի թատերական կյանքին։ 1921 թվականից նրա ճակատագիրը կապվել է Երևանի հետ․ նա ընդգրկվել է Հայաստանի Առաջին պետական թատրոնի կազմում, որը 1937 թվականին անվանակոչվել է Գաբրիել Սունդուկյանի անունով։ Այստեղ Ոսկանյանը դարձել է այն առաջատար դերասանուհիներից մեկը, որոնք ձևավորել են միջպատերազմյան շրջանի հայկական թատորնի դեմքը։
Նրա խաղացանկը լայն էր․ նա մեծ ճանաչում է ձեռք բերում «ճակատագրական կանանց» կերպարների անձնավորմամբ՝ Մարգարիտ, Սոնա (Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի»), Օֆելյա (Շեքսպիրի «Համլետ»), Սալոմե (Օսկար Ուայլդի «Սալոմե»), Անուշ (Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար») և այլ պիեսներում:
Արվեստում ունեցած վաստակի համար Ոսկանյանն արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման (1927 թ.), իսկ 1935 թվականին՝ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա ելույթներ է ունեցել հոսպիտալներում և ձեռնարկություններում՝ իր արվեստով ոգևորելով զինվորներին և աշխատավորներին։
Արուս Ոսկանյանը մահացել է 1943 թվականի հուլիսի 20-ին Երևանում։ Նրա անունը հավերժ մնացել է հայկական թատրոնի պատմության մեջ՝ որպես հայկական ու համաշխարհային բեմարվեստի միջև մշակութային կապի խորհրդանիշ։