Թուրքմենական Միքելանջելոն Արցախից. Նիկոլայ Կարախան
30 Մայիսի 2026, 21:30
Նիկոլայ Կարախանը ծնվել է 1900 թվականի մայիսի 30-ին Նախիջևանիկ (Լեռնային Ղարաբաղ) գյուղում՝ հայ գյուղացու ընտանիքում։ 1907 թվականին ընտանիքը տեղափոխվել է Տաշքենդ, որտեղ ապագա նկարիչն ավարտել է գիմնազիան։ Արվեստի հանդեպ նրա հետաքրքրությունը դրսևորվել է դեռ պատանեկության տարիներին․ 1917 թվականին նա սկսել է ուսանել Ի. Ս. Կազակովի արվեստանոցում, իսկ 1918-ին ընդունվել է Թուրքեստանի երկրամասային գեղարվեստի դպրոց, որտեղ նրա ուսուցիչներն էին Ա. Վ. Իսուպովն ու Ս. Պ. Յուդինը։
1920-1924 թվականներին Կարախանը ծառայել է Կարմիր բանակում։ Նա ստեղծել է պաստառներ, որմնանկարներ և Կարմիր բանակի թատրոնի դեկորատիվ նախշեր։ Այդ տարիներին առավել ամրապնդվել է նրա պատկերացումն արվեստի՝ որպես հասարակության վրա ազդեցություն գործադրող ուժի մասին։
1926 թվականին նա անդամակցել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիային, իսկ 1928 թվականից ակտիվորեն մասնակցել է ցուցահանդեսների։
Միաժամանակ Կարախանը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ․ 1925-1934 թվականներին դասավանդել է նկարչություն Թուրքմենստանի մանկավարժական տեխնիկումում, իսկ հետագայում՝ մինչև 1941 թվականը, գեղանկարչություն է դասավանդել Տաշքենդի գեղարվեստի ուսումնարանում։ 1930-ականների սկզբին նա դարձել է Ուզբեկստանի նկարիչների միության հիմնադիրներից մեկը և մասնակցել հանրապետության առաջին գեղարվեստական ցուցահանդեսների կազմակերպմանը։
1930-ականներին նրա ստեղծագործություններում ավելի հաճախ էին հայտնվում աշխատավոր մարդու կերպարները՝ բամբակի դաշտերում, շինհրապարակներում և գործարաններում աշխատանքի տեսարաննե։ Այդ կտավներն առանձնանում էին ջերմությամբ և հասարակ մարդկանց հանդեպ ակնհայտ համակրանքով։
1939 թվականին Կարախանը մասնակցել է Նյու Յորքում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում ԽՍՀՄ տաղավարի ձևավորմանը, որտեղ նրա որմնանկարները տեսել են միլիոնավոր այցելուներ։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին նկարիչն ակտիվորեն ներգրավված է եղել հայրենասիրական քարոզչության մեջ, ստեղծել է «Ուզբեկստանը պատերազմի տարիներին» նկարաշարը և մասնակցել բազմաթիվ ցուցահանդեսների կազմակերպմանը։ 1941 թվականից նա ամբողջությամբ նվիրվել է գեղանկարչությանը՝ հրաժարվելով դասավանդումից։
Նրա աշխատանքները պարբերաբար ցուցադրվել են հանրապետական և միութենական ցուցահանդեսներում, իսկ 1960 թվականին նրան շնորհվել է Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը։
Նիկոլայ Կարախանը մահացել է 1970 թվականի հունիսի 18-ին Տաշքենդում՝ աշխատելով «Ճանապարհ դեպի տուն» կտավի վրա։ Նրա ժառանգությունը ոչ միայն գեղանկարներն ու գրաֆիկական աշխատանքներն են, այլև նշանակալի ներդրումը Կենտրոնական Ասիայի գեղարվեստական կյանքի ձևավորման գործում։ Նա վառ հետք է թողել որպես նկարիչ, մանկավարժ և կազմակերպիչ՝ կարողանալով ազգային մոտիվներն ու խորհրդային գաղափարախոսությունը միավորել մեկ գեղարվեստական լեզվի մեջ։