Թուրքը Հայաստանի սահմանը դարձրել է «проходной двор». Մեսրոպ Մանուկյան

06 Հոկտեմբերի 2026, 16:58

Քաղաքականություն

ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն իր ելույթում սուր քննադատության ենթարկեց իշխանություններին՝ անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական և անվտանգային խնդիրներին:

Արձագանքելով Բաբկեն Թունյանի ելույթին՝ ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց. «Բաբկեն Թունյանին և ՔՊ-ականներին կոչ կանեմ երկու զույգ ռեզինե կոշիկ առնել․
Առաջիկայում շրջայց կկազմակերպեմ Խարբերդի, Հաղթանակ գյուղի, Արաբկիրում՝ Կորեայի ձորի հատվածներ, 9-րդ մաս։ Անհամար են այն ցեխոտ, գրունտային փողոցները, որտեղ երեխաները դպրոց գնալիս ցելոֆան են քաշում ոտքերին»։

Խոսելով իշխանությանն ուղղված թալանի մեղադրանքներից և Երևանի քաղաքապետարանի գնումներից՝ Մանուկյանը նշեց.

«Թալանը պոզով-պոչո՞վ է լինում․ երբ Երևան քաղաքը շուկայականից 70 դրամով թանկ դիզվառելիք էր առնում, և մի գործարքի արդյունքում հարյուրավոր միլիոն դրամներ էին գրպանում, դա նորմա՞լ էր։ Երբ «Yutong» ավտոբուսները շուկայականից 100 000 դոլարով թանկ են առնում, իսկ հաջորդ խմբաքանակի գինը կտրուկ իջնում է, դա նորմա՞լ էր։ Երբ Աջափնյակի մետրոյի վրա միլիարդավոր դրամներ են ծախսում, հետո քրեական գործ են հարուցում ու ասում՝ մսխվել է, դա թալան չէ՞»։

Որպես նմանատիպ օրինակներ՝ նա հիշատակեց նաև Շենգավիթի թիվ 147 մանկապարտեզի վերանորոգման (237 մլն դրամի ծախսումից հետո շենքը քանդման ենթակա է դարձել) և Երևանյան լճի տարածքի բարեկարգման խնդիրները։

Անդրադառնալով անվտանգային իրավիճակին և սահմանային միջադեպերին՝ պատգամավորն ասաց. «Դուք այնքան եք հեռացել քաղաքացիներից, որ երբ թուրքը գալիս մտնում է, չեք բարեհաճում քաղաքացուն տեղյակ պահել, որ ուշադիր լինի։ Թուրքն այսօր Հայաստանի սահմանը սարքել է «проходной двор»»։

Հիմա եթերում