Մոսկվայի հայկական տաճարում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
24 Ապրիլի 2026, 19:59
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են անցկացվել Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու համալիրում։ Հարգանքի տուրք մատուցելու էին եկել ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ։
ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է անցկացրել։ Պատարագի ընթացքում նա ընթերցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի պատգամը։
«Ցեղասպանության ճանաչումը սրբազան ուխտ է և յուրաքանչյուր հայի հավատարմության գրավականը»,- նշել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Հիշատակի միջոցառմանը մասնակցել են ՌԴ կառավարության ներկայացուցիչներ, Պետդումայի պատգամավորներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հավատացյալներ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որն ընթերցել է ՌԴ նախագահի Կենտրոնական դաշնային շրջանում լիազոր ներկայացուցիչ Իգոր Շչեգոլևը։
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Նշեմ, որ մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ։ Դեռևս 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում էր հայ ժողովրդի նկատմամբ բռնությունները՝ որպես մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն։ Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարօրություն, բարգավաճում և ամենայն բարիք»,- ասվել է Ռուսաստանի նախագահի ուղերձում։
Պատարագից հետո տեղի է ունեցել ծաղկեպսակների և ծաղիկների խոնարհման արարողություն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ։