Վիրջինիա Ապգար. կին, որը մշակեց նորածինների կյանքեր փրկող սանդղակը
07 Հունիսի 2025, 22:00

Վիրջինիա Ապգարն ականավոր ամերիկահայ բժիշկ-անեսթեզիոլոգ է, նեոնատոլոգիայի ոլորտում նորարար և նորածնի վիճակի արագ գնահատման համակարգի՝ «Ապգարի սանդղակ»-ի ստեղծողը, որը փրկել է միլիոնավոր կյանքեր: Նրա հետազոտություններն ու մշակումներն արմատապես փոխել են նորածինների վիճակի գնահատման մոտեցումը՝ բժշկությունն ավելի ճշգրիտ և արդյունավետ դարձնելով։
Վիրջինիա Ապգարը ծնվել է 1909 թ․ Նյու Ջերսի նահանգի Ուեսթֆիլդ քաղաքում՝ հայ-իռլանդական ընտանիքում։ Հայրը՝ ծագումով հայ Չարլզ Էմորի Ապգարը, գյուտարար էր, բնական գիտությունների և երաժշտության եռանդուն ուսումնասիրող։ Հենց նա է ոգեշնչել Վիրջինիային՝ գիտական հետազոտություններ կատարել՝ իրենց տան նկուղում ստեղծելով փոքրիկ լաբորատորիա, որտեղ երիտասարդ տարիքից Վիրջինիան սովորում էր աստղագիտություն և ռադիոտեխնիկա:
«Ապգար» մեթոդն իրենից ներկայացնում է նորածնի կենսական ցուցանիշների արագ գնահատման համակարգ։ Գնահատումն իրականացվում է ծնվելուց մեկ և հինգ րոպե հետո՝ ըստ հինգ չափանիշների, որոնք են՝
A (Appearance) – մաշկի գույն
P (Pulse) – սրտի զարկերի հաճախականություն
G (Grimace) – արտաքին ազդակներին պատասխան ռեֆլեքսներ
A (Activity) – ակտիվություն, մկանային տոնուս
R (Respiration) – շնչառություն
Յուրաքանչյուր ցուցանիշ գնահատվում է 0-2 միավոր, իսկ ընդհանուր արդյունքը (0-10) թույլ է տալիս բժիշկներին արագ որոշել բժշկական օգնության անհրաժեշտությունը:
Նրա ակտիվ հասարակական գործունեությունը դուրս էր գալիս մասնագիտական պարտականությունների շրջանակներից։ 1960-ականներին Ապգարը սկսել է ուսումնասիրել բնածին արատների ազդեցությունը և ակտիվորեն աշխատել երեխաների արատների կանխարգելմանն աջակցող հիմնադրամների հետ։
Վիջինիան նաև ջութակահար էր։ Նրա ընտանիքը երաժշտական էր, և ջութակ նվագել է սովորել դեռ մանկուց և շարունակել է նվագել իր ողջ կյանքի ընթացքում։
Վիրջինիա Ապգարը մահացել է 1974 թ․ օգոստոսի 7-ին Նյու Յորքում։ Վիրջինիայի գիտական ժառանգությունը շարունակում է ապրել յուրաքանչյուր ծննդատանը, յուրաքանչյուր կլինիկայում, որտեղ բժիշկներն ամեն օր օգտագործում են նրա սանդղակը՝ փրկելով նորածինների կյանքն ամբողջ աշխարհում: