«We Are the World»-ից մինչև Ուիթնի Հյուսթոն և Դոննա Սամմեր․ Մայքլ Օմարթյանի աստղային ուղին

26 Նոյեմբերի 2026, 22:00

Հայեր

Մայքլ Օմարթյանը ամերիկյան փոփ երաժշտության պատմության ամենաազդեցիկ և բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած երաժշտական պրոդյուսերներից է, ով հայտնի է նաև որպես գործիքավորող և ստեղնաշարային գործիքների կատարող։

Նա ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 26-ին Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում՝ հայ ընտանիքում։

Դեռ երիտասարդ տարիքից դրսևորելով դաշնակահարի և կոմպոզիտորի բացառիկ տաղանդ՝ 1970-ականների սկզբին Օմարթյանը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ կարճ ժամանակում դարձել է երաժշտական ոլորտի պահանջված մասնագետներից մեկը։ Աշխատելով ABC/Dunhill և Warner Bros. ձայնագրման ընկերություններում՝ որպես պրոդյուսեր և գործիքավորող՝ նա նաև դարձել է պահանջված ստուդիական երաժիշտ և «Rhythm Heritage» դիսկո-ֆանկ խմբի համահիմնադիր։

Նրա իսկական հաղթարշավը սկսվել է 1980 թվականին Քրիստոֆեր Քրոսի դեբյուտային ալբոմի թողարկումից հետո։ Օմարթյանը «Գրեմմի» մրցանակի բազմակի դափնեկիր է․ նա արժանացել է երեք մրցանակի, այդ թվում՝ «Տարվա ալբոմ» և «Տարվա ձայնագրություն» անվանակարգերում՝ «Sailing» երգի համար։

Օմարթյանը համարվում է առաջին պրոդյուսերը, որի աշխատանքները երեք տասնամյակ անընդմեջ՝ 1970-ականներին, 1980-ականներին և 1990-ականներին, գլխավորել են ազգային հիթ-շքերթները։ Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է Ուիթնի Հյուսթոնի, Դոննա Սամմերի («She Works Hard for the Money»), Փիթեր Սետերայի («Glory of Love»), Ռոդ Ստյուարտի, Բիլի Ջոելի, Էմի Գրանտի, Մայքլ Բոլթոնի, Դոլլի Փարթոնի և «Steely Dan» խմբի հայտնի հիթերի ստեղծմանը։

Նրա կենսագրության կարևորագույն դրվագներից է մասնակցությունը «We Are the World» լեգենդար բարեգործական սինգլի ստեղծմանը, որը թողարկվել է 1985 թվականին։ Օմարթյանը հանդես է եկել որպես USA for Africa աստղային երաժշտական միավորման գլխավոր գործիքավորող և ստեղնահար։

Բացի փոփ երաժշտության ոլորտում ունեցած իր աշխատանքից՝ նա նշանակալի ներդրում է ունեցել նաև ժամանակակից քրիստոնեական երաժշտության զարգացման գործում, թողարկել է մի շարք անհատական ալբոմներ և բազմիցս արժանացել «Dove Award» մրցանակի։

1993 թվականին տեղափոխվելով Նեշվիլ՝ երաժշտական մաեստրոն շարունակել է պրոդյուսերական և մանկավարժական գործունեությունը՝ ընդմիշտ ամրագրելով իր տեղը համաշխարհային երաժշտության մեծագույն վարպետների շարքում։

Հիմա եթերում