Ղրիմում հայոց լեզվի ուսուցման նոր խմբերի և աշակերտների թիվն ավելանում է

14 Փետրվարի 2024, 00:35

Կրթություն

Ղրիմի հայկական ընկերության գրասենյակում տեղի է ունեցել «Գաբրիել Այվազովսկու անվան հայկական դպրոց. հաջողությունները, խնդիրները, զարգացման ուղիները» խորագիրը կրող հանդիպում: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության կայքից։

Դպրոցի տնօրեն Թամարա Վինոգրադսկայան (Գրիգորյան) իր զեկույցում նշել է, որ հայոց լեզու ուսումնասիրող աշակերտների և նոր խմբերի աճ կա և հավաքվածների ուշադրությունը հրավիրել է առկա խնդիրների վրա։

Ուսուցիչների, համայնքի ղեկավարության, ծնողական հանձնաժողովի անդամների և հրավիրված անձանց միջև երկխոսության ընթացքում որոշումներ են կայացվել կրթության ոլորտում Ղրիմի հայկական համայնքի քաղաքականության վերաբերյալ։ Այդ թվում՝ հայկական դպրոցի վերաբերյալ «Կանոնակարգի» պատրաստումը և «Աղբյուր» մրցույթի կանոնակարգի կատարելագործումը, որի 25-ամյակը նշվելու է հաջորդ տարի։

Ղրիմի հայկական ընկերությունը կանցկացնի ամենամյա մրցանակաբաշխություն հայկական դպրոցի լավագույն սաների համար, ինչպես նաև կապահովի հայալեզու մանկական գրականություն։