Յուրի Անանյան․ բալետի վարպետը

16 Հունիսի 2025, 22:00

Հայեր

Յուրի Անանյանը բալետի ճանաչված արտիստ է, ում անունն ասոցացվում է էքսպրեսիայի, ուժի և բեմական կերպարի խորության հետ: Ծնվել է 1969 թ. հունիսի 16-ին Երևանում։ Մանկուց շրջապատված է եղել արվեստով, քանի որ նրա ընտանիքը պատկանում էր բալետի աշխարհին։

1987 թ. Անանյանն ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, այնուհետև պրակտիկա է անցել Վագանովայի անվան Լենինգրադի պարարվեստի ուսումնարանում: Նրա մասնագիտական ուղին սկսվել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, սակայն արդեն 1989 թ. միացել է Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի թատրոնի թատերախմբին, որտեղ դարձել է իր սերնդի առաջատար պարողներից մեկը։

Անանյանը տարբերվում էր Էյֆմանի բալետի արտիստներից: Նրա ոճը լի էր էքսպրեսիայով, հզոր շարժումներով և տրամադրության ակնթարթային փոփոխություններով։ Դա հատկապես ակնհայտ էր «Կարամազովները» բալետում Դմիտրի Կարամազովի դերակատարման ժամանակ, որտեղ նա փոխանցում էր կերպարի բարդ հոգեբանական վիճակը:

Իր կարիերայի ընթացքում նա կատարել է բազմաթիվ խորհրդանշական դերեր, այդ թվում՝ Աղավնին «Պինոկիո»-ում, երիտասարդը «Պատրանքներ»-ում, Ֆավորիտը «Ռուսական Համլետ»-ում և Դոն Ժուանը «Դոն Ժուան և Մոլիեր»-ում, որի համար 2002 թ. արաժանացել է «Ոսկե սոֆիտ» մրցանակի:

2008 թ. հետո Անանյանը շարունակել է աշխատել թատրոնում որպես մանկավարժ, ապա դարձել է Կրասնոյարսկի օպերայի և բալետի թատրոնի հրավիրված մենակատար։ 2011 թ. նա հանդիսատեսին զարմացրել է՝ կատարելով մայր Մարցելինայի կանացի դերը «Չեմ համբերում ամուսնանալ» բալետում, որը նոր ստեղծագործական մարտահրավեր դարձավ։

Յուրի Անանյանն արտիստ է, ով ոչ միայն պարում, այլև ապրում է բեմում: Էքսպրեսիայով և էմոցիոնալ խորությամբ լցված նրա ոճն իր հետքն է թողել բալետի պատմության մեջ: