Համեմատական լեզվաբանության հսկան. Անտուան Մեյեի ներդրումը հայագիտության մեջ

11 Նոյեմբերի 2026, 22:00

Հայեր

Պոլ Ժյուլ Անտուան Մեյեն ծնվել է 1866 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Մուլեն քաղաքում՝ նոտարի ընտանիքում։ Սորբոնի համալսարանում հիմնարար կրթություն ստանալուց հետո նա դարձել է ժամանակակից լեզվաբանության հիմնադիր Ֆերդինանդ դը Սոսյուրի և նշանավոր բանասեր Միշել Բրեալի լավագույն ուսանողներից մեկը։

1905-1932 թվականներին Մեյեն ղեկավարել է Ֆրանսիայի Կոլեժ դը Ֆրանսի համեմատական-պատմական և ընդհանուր լեզվաբանության ամբիոնը՝ նշանակալի դեր ունենալով եվրոպական լեզվաբանության զարգացման գործում։ Նա կրթել է մի շարք ականավոր գիտնականների, այդ թվում՝ Էմիլ Բենվենիստին, Ժորժ Դյումեզիլին, Հրաչյա Աճառյանին և Միլման Փերիին։

Մեյեի գլխավոր ձեռքբերումներից մեկը համեմատական-պատմական մեթոդի զարգացումն էր, որը նա վերածել է ոչ միայն լեզուների դասակարգման, այլև դրանց խորքային վերլուծության արդյունավետ գործիքի։ Գիտնականն առաջիններից էր, որ ընդգծել է լեզվի սոցիալական բնույթը՝ հիմք դնելով սոցիոլեզվաբանության զարգացմանը և ցույց տալով, որ լեզվական փոփոխությունները սերտորեն կապված են հասարակության պատմական զարգացման հետ։

Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում էր հնդեվրոպական լեզվաընտանիքի գրեթե բոլոր ճյուղերը։ Մեյեի կարևոր աշխատություններից են «Ներածություն հնդեվրոպական լեզուների համեմատական ուսումնասիրությանը», լատիներենի, հունարենի, սլավոնագիտության, իրանագիտության, ինչպես նաև քերականացման գործընթացների և հին չափածոյի վերաբերյալ ուսումնասիրությունները։

Մեյեի գիտական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայագիտությունը։ 1890-1891 թվականներին նա գիտական ուղևորություն է կատարել Կովկաս և այցելել Սուրբ Էջմիածին, ինչպես նաև աշխատել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունում՝ խորությամբ ուսումնասիրելով գրաբարը և հին հայկական ձեռագրերը։

1903 թվականին լույս է տեսել նրա հիմնարար աշխատությունը՝ «Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծը», որտեղ հայերենի հնչյունաբանությունն ու շարահյուսությունն առաջին անգամ հանգամանորեն քննության են առնվել հնդեվրոպաբանության համատեքստում։ Մեյեն նաև Հայագիտական ուսումնասիրությունների ընկերության հիմնադիրներից էր և «Revue des études arméniennes» գիտական պարբերականի հիմնադրման նախաձեռնողներից մեկը։

Անտուան Մեյեն մահացել է 1936 թվականի սեպտեմբերի 21-ին՝ թողնելով ավելի քան երկու տասնյակ գիրք և 500-ից ավելի գիտական հոդված։ Նա համարվում է 20-րդ դարի մեծագույն լեզվաբաններից մեկը, որը նշանակալի ներդրում է ունեցել ինչպես համեմատական լեզվաբանության, այլև հայագիտության զարգացման գործում։