Զախարովան մեկնաբանել է Երևանի ու Բաքվի հետ հարաբերություններ կառուցելու Կիևի ձգտումները

20 Օգոստոսի 2026, 19:40

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարություններին, որոնցում վերջինս ընդգծել էր Հայաստանի և Ադրբեջանի հետ ամուր հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը։

ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ ռուսական կողմը չի պատրաստվում անտեսել նման զարգացումները.

«Կասեի՝ պետք է թողնել նրանց խղճին, բայց մենք դա չենք անի։ Մենք չենք ձևացնի, թե այս ամենը չենք նկատում»,- ընդգծել է Զախարովան։

Բացի այդ, ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը տարակուսանք է հայտնել Ուկրաինայի պատվիրակություններին ընդունելու և նրանց հարթակներ տրամադրելու առնչությամբ։

«Բացարձակ անհնար է հասկանալ, թե հանուն ինչի է պետք հյուրընկալել Ուկրաինայի ներկայացուցիչներին, նրանց հետ մասնակցել քաղաքականացված, այսպես կոչված, հավաքներին, և դեռ մի բան էլ ամբիոն տրամադրել՝ Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար»,- հայտարարել է նա։