2021թ-ին ձեզ խոստանում էին ապագա, ստում էին․ Արամ Վարդևանյան
28 Մայիսի 2026, 21:40
2021 թվականին եկել և ձեզ խոստանում էին ապագա, բայց ձեզնից ոչ մեկին չէին ասում, որ Արցախը հայաթափվելու է։ Այս մասին Հրազդանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։
«Ձեզնից ո՛չ մեկին չէին ասում, որ բարեկեցություն չի լինելու։ Ձեզ ստում էին։ 2018 թվականին ձեզ ասում էին, որ մեկ իշխանություն 10 տարուց ավելի չպետք է պաշտոնավարի։ Հիմա եկել ասում են, որ 13 տարի պետք է պաշտոնավարեն։ Նրանց մեր պատասխանն այն է, որ փոփոխությունները գալիս են»,- նշել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանության նպատակը թշնամի երկրի քաղաքացիների առջև ՀՀ-ի դռները բացելն է։
«5 տարի առաջ մեզանից շատերը գիտակցում էին այն տագնապն ու սպառնալիքը, որ կար մեր անվտանգության և պետականության առջև։ Այսօր մենք խոսում ենք, երբ Արցախում չկա գեթ մեկ հայ, երբ մեր հայրենիքում կա ադրբեջանական օկուպացիա։ Մենք խոսում ենք այն պայմաններում, երբ տեսնում ենք իշխանության հրեշավոր ծրագիրը՝ դրանց հարյուր հազարներով Հայաստան բերելու ծրագիրը»,-ընդգծել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ այդ չարաբաստիկ ծրագրից խուսափելու միակ տարբերակը հունիսի 7-ին ընտրության գնալն ու նրանց մերժելն է։