3 հանրաճանաչ հայազգի երգիչներ՝ Խչոն, Սևակը և Ջանագան համերգով հանդես կգան Մոսկվայում

18 Ապրիլի 2024, 00:15

Մշակույթ

Ապրիլի 27-ին Մոսկվայի «Մեգասպորտ» սրահում, որտեղ կարող է տեղավորվել 16 հազար մարդ, տեղի կունենա Ռուսաստանում հայտնի հայազգի 3 լավագույն արտիստների՝ Խչոյի, Սևակի և Ջանագայի համերգը։
Այս արտիստները հայտնվել են թոփ չարթերում, այդ իսկ պատճառով փառատոնը ստացել է «Chart Mix Project» անվանումը։

Համերգին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ երգիչ Սևակ Խանաղյանը պատմել է, թե ինչպես է իր և «Dmovie production»-ի գլխավոր պրոդյուսեր Դավիթ Նավոյանի մոտ առաջացել այս նախագիծը ստեղծելու գաղափարը։

«Եկեք այնպիսի փառատոն կազմակերպենք, որտեղ ելույթ կունենա ոչ թե մեկ-երկու արտիստ, այլ երեք-չորս։ Եվ այդտեղից մենք սկսեցինք զարգացնել այդ գաղափարը և եկանք այն եզրակացության, որ նման կազմով պետք է հանդես գանք և հանդիսատեսի համար հիանալի շոու անենք»,- ասել է Սևակ Խանաղյանը:

«Սա առաջին նման նախագիծն է՝ համերգը, իսկ հետո արդեն կարող է այնպես ստացվել, որ քիչ թե շատ հայտնի արտիստները կկարողանան նույն բեմում հանդես գալ նման թոփ արտիստների հետ։ Մենք սկսում ենք «Chart Mix Project» մեծ նախագիծը, հուսով ենք, որ այն մեծ ապագա կունենա»,- ասել է «Dmovie production»-ի գլխավոր պրոդյուսեր Դավիթ Նավոյանը։

Նշվել է նաև, որ հոկտեմբերին նույն արտիստների մասնակցությամբ սպասվում է «Chart Mix Project»-ի մեծ համերգը Երևանում: