Վրաստանում պայքարը հիմնականում ընթանում է այսօրվա իշխանությունների և Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության միջև. Ջոնի Մելիքյան

17 Սեպտեմբերի 2024, 13:15

Կարծիք | Քաղաքականություն

Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի։ Գորի քաղաքում, նախընտրական քարոզարշավի արարողության ժամանակ ելույթ ունենալիս, Իվանիշվիլին ասել էր, որ խորհրդարանական ընտրություններից հետո «պատերազմ հրահրողները կդատապարտվեն», և Վրաստանն ուժ կգտնի ներողություն խնդրել օսերից 2008 թվականի ռազմական հակամարտության համար, որը սանձազերծել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ:

«Քանի որ շաբաթներ անց Վրաստանում տեղի կունենան ամենակարևոր՝ խորհրդարանական ընտրությունները, բոլոր հայտարարություններն ու գործողությունները ամբողջովին տեղավորվում են նախընտրական պայքարի և քարոզարշավի գործընթացում, և նման հայտարարությունները ևս պետք է դիտարկենք այդ պրիզմայով: Իսկ պրիզման հետևյալն է՝ ինչպես 2011-2012 թթ-ին, այսօր ևս Վրաստանում ներքաղաքական լանդշաֆտը քիչ է փոխվել, և պայքարը հիմնականում ընթանում է այսօրվա իշխանությունների և Միխեիլ Սաակաշվիլու կուսակցության միջև: Այլ քաղաքական ուժեր ևս միացել են պայքարին, սակայն 2008 թ-ի պատերազմի գործոնը և բոլոր հայտարարությունները Սաակաշվիլիին են թիրախում պահում և պետք է նրան վնասեն»,- նշել է Մելիքյանը:

Սակայն փորձագետի կարծիքով, այստեղ կան նաև որոշ արտաքին էլեմենտներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել:

«Աբխազիան և Հարավային Օսիան չնայած որ ճանաչվել են Ռուսաստանի կողմից, պարբերաբար խնդիրներ են ունենում ռուսական կողմի հետ, պարբերաբար Հարավային Օսիայից են հնչում հայտարարություններ, որ պետք է միավորվեն Հարավային և Հյուսիսային Օսիան: Այս ամենը ցույց են տալիս, որ ապագա սցենարներից ինչ-որ մեկում Մոսկվայում դեռևս նախատեսում են, որ օրերից մի օր միասնական պետության գաղափարը կաշխատի և այս երկու հանրապետությունները կմիավորվեն Վրաստանի հետ ընդհանուր պետության կազմում: Բայց այսօր՝ այս փուլում պետք է ֆիքսենք, որ այս բոլոր հայտարարությունները թիրախավորում են Սաակաշվիլիին և նրա թիմակիցներին, ինչպես նաև ունեն իրենց սպառողին: Այստեղ կա նաև մեդալի երկրորդ կողմը: Կան ռիսկեր, որ որոշ կողմնորոշված անձիք այս ամենը կաող են ընկալել որպես թուլություն կամ ապացույց, որ իշխանությունների և ՌԴ-ի միջև կա գաղտնի կապ, ինչը կարող է վանել և քաղաքացիներին ստիպել, որ նրանք գնան և ընտրեն կա՛մ Սաակաշվիլիին, կա՛մ մեկ այլ կուսակցության»,- եզրափակել է Մելիքյանը:

Հիմա եթերում