COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Միրզոյան

17 Հոկտեմբերի 2026, 19:20

Քաղաքականություն

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացի ինչպես կենսաբազմազանության պահպանության, այնպես էլ միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով համաժողովի նշանակությանը Հայաստանի համար։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ երկրի տնտեսական զարգացման գործընթացներում կենսաբազմազանության պահպանության հարցը շարունակի արժանանալ պատշաճ ուշադրության։

«Բնականաբար, կենսաբազմազանության ոլորտը մեզ համար պետք է ավելի ու ավելի մեծ կարևորություն ստանա։ Տնտեսական զարգացումների հորձանուտում չպետք է մոռանանք պատշաճ ուշադրություն դարձնել այս ոլորտին։ Հայաստանը առաջիկա երկու տարիներին նախագահելու է COP17-ի շրջանակում ընթացող գործընթացը, ինչը նաև սա միջազգային համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություն է»,- նշեց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ համաժողովին բազմաթիվ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը հնարավորություն է տալիս ամրապնդել առկա կապերը և առաջիկա երկու տարիներին շարունակել համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։

Անդրադառնալով COP17 համաժողովի Կապույտ գոտում Հայաստանի տաղավարի ձևավորմանն ու դիզայնին՝ արտգործնախարարը նշեց, որ այն իր վրա մեծ տպավորություն է թողել։

«Հավատացեք, ես նման միջոցառումների քիչ չեմ մասնակցում, ներկա եմ լինում աշխարհի տարբեր անկյուններում կազմակերպվող միջոցառումներին, և պետք է ասեմ, որ Հայաստանի տաղավարը շատ տպավորիչ է, ժամանակակից և ճաշակով ձևավորված»,- նշեց նախարարը:

Խոսելով այն մասին, թե Հայաստանի տաղավարում ինչը առաջին հերթին կարող է գրավել միջազգային այցելուների ուշադրությունը՝ Միրզոյանը բարձր գնահատեց տաղավարի ընդհանուր գաղափարն ու իրականացումը։ «Հայաստանի տաղավարը հրաշալի է ստացվել։ Այն տպավորիչ է, ճաշակով, բովանդակալից, իսկ կատարման առումով՝ ժամանակակից»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։

Հայաստանում հոկտեմբերի 19-30-ը անցկացվող COP17-ը երկրի պատմության մեջ ամենախոշոր միջազգային բնապահպանական միջոցառումն է։ Համաժողովի շրջանակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչները քննարկում են կենսաբազմազանության պահպանությանն ու միջազգային համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր։