Գյումրիի Քրքորյանի փողոցը կբարեկարգվի միջազգային չափանիշներով․ Նարեկ Կարապետյան
17 Հոկտեմբերի 2026, 19:30
Փոխանակ Գյումրիում լուծվի տնակներում ապրող 1000 ընտանիքի բնակարանով ապահովելու հարցը, մեր կառավարությունն այս պահին 30 միլիոն դոլար է ծախսում COP միջոցառման վրա։ Այս մասին Գյումրու օրվան նվիրված համերգի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ շնորհավորելով գյումրեցիներին և քննադատելով կառավարության ծախսային առաջնահերթությունները։
«Մենք հաշվարկել ենք, որ այդ գումարով կարելի էր 1000 գյումրեցի ընտանիքի բնակարանով ապահովել։
Իսկ ինչո՞ւ է բարեգործն օգնում քաղաքին, որպեսզի քաղաքի օրը շողա։ Որովհետև քաղաքը պետք է իր գումարը տնտեսի, որպեսզի գյումրեցիների համար բնակարաններ կառուցի և բաժանի։ Քանի դեռ մեր քաղաքներում կան անտուն մարդիկ, տնակներում ապրող մարդիկ, մեզ ճոխություններ թույլ տալու իրավունք չունենք»,- նշել է նա։
Պատգամավորը նաև հայտնել է, որ Սամվել Կարապետյանը նվեր է պատրաստել Գյումրիի համար։
«Երբ նախընտրական շրջանում գալիս էինք, միշտ ասում էին՝ ընտրություններից առաջ են ուժերը գալիս։ Ընտրություններն անցել են, բայց մենք եկել ենք մեր սիրած քաղաքի կողքին կանգնելու և նրան մի լավ նվեր տալու համար»,- ասել է նա։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Գյումրի այցելող շատ մարդիկ առաջին քայլերն անում են Քրքորյանի՝ նախկին Ալեքսանդրովսկի փողոցով, որը նախատեսվում է միջազգային չափանիշներին համապատասխան ամբողջությամբ բարեկարգել։
«Այդ փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է միջազգային ստանդարտներով, և դուք կտեսնեք, որ այն դառնալու է զբոսաշրջային ակտիվ գոտի»,- նշել է Նարեկ Կարապետյանը։