Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր

20 Սեպտեմբերի 2024, 11:00

Քաղաքականություն

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: Երկուստեք ընդգծվել է ՀՀ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված  համատեղ ջանքերի կարևորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարել քաղաքական երկխոսության խորացմանը  զուգահեռ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ առևտրի խթանման նպատակով:

Տարածաշրջանային հարցերի համատեքստում Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է երկու տարվա բանակցություններից հետո մշակված խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու և համաձայնեցված տեքստով ստորագրման կարևորությունը՝ միտված Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը:

Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը:

Հիմա եթերում