Մենք՝ հայերս, լավ գիտենք, որ Էրդողանը վստահելի չէ. Ջեք Հաջիյան

27 Սեպտեմբերի 2024, 22:31

Քաղաքականություն

Կարծում եմ՝ Մոնթեբելոյի հայերի մեծամասնությունն ինձ կաջակցի ընտրություններում: Այս մասին Alpha News-ի հոտ զրույցում ասել է Մոնթեբելոյի քաղաքապետի թեկնածու Ջեք Հաջինյանը:

«Երկու շաբաթ է, ինչ սկսել ենք նախընտրական հանդիպումները: Հիմա ամեն օր ես գնում եմ բնակիչների հետ հանդիպելու, ասում եմ, որ իմ օգտին քվեարկեն: Մոնթեբելոյի քաղաքային խորհրդում ընդհանրապես հայ չկա: Քաղաքի բնակիչների թիվը 70 հազար է, որոնցից 6000-7000-ն է հայ: Իհարկե, հիմա դժվար է ասել, թե քանի հայ կա, քանի որ հայերը ապրել են Մոնթեբելոյում 4-5 սերունդ ու շատերը հայկական ազգանուն նույնիսկ չունեն:

Մոնթեբելոն կազմակերպված գաղութ է, մենք դպրոց, եկեղեցի, հայկական կենտրոն, հուշարձան ունենք: Հայերը այստեղ իրար հետ լավ հարաբերություններ ունեն: Կարծում եմ, որ մեծամասնությունն ինձ կաջակցի ընտրություններում»,- ասել է Հաջինյանը:

Նա նաև նշել է, որ հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին ու մտահոգ է այդ առիթով:

«Ես բավականին տեղյակ եմ հայաստանյան իրադարձություններից: Կարծում եմ՝ այստեղ ապրողներից շատերն էլ են հետևում: Մարդիկ տարբեր մտածելակերպ ունեն: Մեկը կարծում է՝ Փաշինյանի քայլերը ապագայի համար լավ են, ուրիշների կարծիքով՝ վտանգավոր:

Ես մտահոգություններ ունեմ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման հետ կապված: Հայաստանի ու նրա ապագայի համար մեր հարևանները թշնամի են, մենք ոնց իրենց հետ պետք է մեկ օրում բարեկամանանք: Տեսել եմ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ ու նրա հրճվանքը՝ Էրդողանի գիրք նվեր ստանալուց հետո, ու անհանգիստ եմ այդ առիթով:

Շատերի հետ եմ խոսել այս թեմայով, բոլորն էլ անհանգիստ են: Մենք, որպես հայ, գիտենք՝ Էրդողանը վստահելի մարդ չէ: Էրդողանը թեպետ անվստահելի է, բայց շատ խելացի: Ոնց կարող է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ խաղ խաղալ: Այդպես կարող է անել միայն խելացի դիվանագետը:

Կարծում եմ՝ դրսից ճնշում կա, որ Հայաստանն այլևս իր սահմանները բացի թուրքերի ու ադրբեջանցիների առջև, որոնք մեր թշնամիներն են: Ու այդ ճնշումը գալիս է Անգլիայից: Իմ վախն է, որ թուրքերը կգան, Հայաստանում հողեր, շենքեր կառնեն, իսկ հայերը ստիպված կվաճառեն նրանց ու կլքեն իրենց երկիրը»,- եզրափակել է Ջեք Հաջինյանը:

Հիմա եթերում