Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ
27 Սեպտեմբերի 2024, 22:45
ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն անհիմն է գնահատում Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիեւի՝ օրեր առաջ հնչեցրած քննադատությունները Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության (EUMA) հասցեին եւ Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ։
Բրյուսելում «Արմենպրեսի»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան ԵՄ խոսնակը ափսոսանք է հայտնել Ալիեւի հնչեցրած քննադատությունների առիթով ու նշել, որ առաքելությունն անզեն ու քաղաքացիական է, որը տեղակայված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին աջակցելու նպատակով։
«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել իր գործընկերներին, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Նմանապես, մենք չենք համարում, որ Ադրբեջանի ինտենսիվ ռազմական համագործակցությունը իր գործընկերների հետ ազդի խաղաղ գործընթացի վրա, քանի դեռ կա քաղաքական կամք՝ շարունակելու հարաբերությունների նորմալացումը և կայուն խաղաղության հասնելը», — ասել է Պետեր Ստանոն։