ԵԱՏՄ երկրները կարող են վառելիքի միասնական պահուստ ստեղծել Ղազախստանում

22 Նոյեմբերի 2026, 19:00

Տնտեսություն և Բիզնես

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում վառելիքի ընդհանուր պահուստի ձևավորումը և համատեղ նավթավերամշակման գործարանի (ՆՎԳ) կառուցումը թույլ կտան միության անդամ պետություններին խուսափել էներգետիկ նոր ճգնաժամերից։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական և ակադեմիական հետազոտությունների ինստիտուտի զարգացման գծով տնօրեն, Ղրղզստան-Ղազախստան գործարար խորհրդի համանախագահ Կուբատ Ռահիմովը։

Փորձագետի դիտարկմամբ՝ վառելիքի պաշարների ռացիոնալ բաշխումը, մասնավորապես՝ Ղազախստանի տարածքում, յուրատեսակ «անվտանգության բարձիկ» կդառնա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ռուսական վառելիքի հիմնական սպառող հանդիսացող Կենտրոնական Ասիայի երկրների համար։

Ռահիմովն ընդգծել է, որ վառելիքի մատակարարման հետ կապված ռիսկերն այսօր ընդհանուր են ԵԱՏՄ բոլոր անդամների համար։ Սակայն քանի դեռ միությունում բացակայում են վառելիքի միասնական պահուստն ու ճգնաժամային իրավիճակներում փոխադարձ մատակարարումների հստակ մեխանիզմները, յուրաքանչյուր երկիր ստիպված է միայնակ դիմակայել առաջացող մարտահրավերներին։

Բացի պահուստային համակարգի ստեղծումից, բանախոսն առաջարկել է դիտարկել նաև Կենտրոնական Ասիայում համատեղ խոշոր նավթավերամշակման գործարան կառուցելու հեռանկարը։ Ըստ Ռահիմովի՝ լոգիստիկ տեսանկյունից նման մասշտաբային նախագծի իրականացման համար ամենանպատակահարմար հարթակը հենց Ղազախստանն է։