Փաշինյան քաղաքական գործիչը մեծ հարցական նշան է թողնում Մոսկվայում. Վիկտոր Բարանեց

09 Հոկտեմբերի 2024, 23:27

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս ռազմական դիտորդ Վիկտոր Բարանեցը Alpha News-ին մեկնաբանել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիև ձախողված հանդիպման պատճառները։

«Ինչքան էլ պայմանավորվեն, ինչքան էլ սեղանի շուրջ նստեն, միևնույն է, կողմերից յուրաքանչյուրի մոտ պահանջներ են մնացել։ Կարելի է ձեռք սեղմել, գրկախառնվել՝ ասելով, որ առճակատման աստիճանն իջնում է, բայց իրականում ադրբեջանցու և հայի ներսում դեռ դժգոհության որդը կա։ Լավ է, որ գոնե ինչ-որ բան, գոնե մասամբ, ավելի պարզ է դարձել այստեղ՝ Մոսկվայում»,- ասել է Բարանեցը։

Փորձագետը նշել նաև, որ Իրանի և Հայաստանի սահմանի անցակետից ռուս սահմանապահների հեռանալը չի նպաստում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, և պաշտոնական Մոսկվան իր հետևություններն է անում:

«Եթե ռուս սահմանապահներին հեռացնում են ինչ-որ տեղից, սահմանապահ ուղեկալից, անցակետից, դա ամեն դեպքում ոչ բարեկամական նշան է, բայց, գիտեք, մենք արդեն սովոր ենք: Ես ուզում եմ ձեզ ասել, որ այստեղ՝ Մոսկվայում, արդեն հնչել է նույնիսկ այն, որ Հայաստանը շուտով դուրս կհանի մեր բազան։ Բայց հիմա, կարծես, Մոսկվայի հանդիպումից հետո հայկական կողմի այդ կատեգորիկ վերաբերմունքը վերացել է։

Բայց, այնուամենայնիվ, Փաշինյանի քաղաքական ֆիգուրն այստեղ՝ Մոսկվայում, իր վրա մեծ-մեծ հարցական նշան է թողնում, քանի որ մենք չենք կարող հասկանալ այն վեկտորը, որի ուղղությամբ շարժվում է»,- ընդգծել է փորձագետը։