Տիմոֆեյ Սկորենկոն՝ հայերի, մարսագնացի, ակորդեոնի և այն մասին, թե ինչն են հորինել հայերը, ինչը՝ ոչ

10 Հոկտեմբերի 2024, 22:00

Կարծիք

Գրող և գիտության հանրահռչակող, «Հորինված է Ռուսաստանում» և «Հորինված է ԽՍՀՄ-ում» բեսթսելերների հեղինակ, գյուտարարության պատմության և գյուտարարական մտածողության տեսության մասնագետ Տիմոֆեյ Սկորենկոն Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է առաջին անգամ եկել Հայաստան, երկրի մասին իր տպավորությունների և գիտության մեջ հայերի մասին գիրք գրելու որոշման մասին:

«Առաջին անգամ Հայաստանում հայտնվեցի 2022 թվականին բավականին պատահական, բայց տպավորությունն այնպիսին էր, որ մենք այստեղ ենք մնացել, և ես ապրում եմ, կարելի է ասել, երկու երկրում։ Առաջին հերթին այստեղ տաք է, բայց ավելի շուտ ոչ թե եղանակի առումով, այլ ջերմ մարդկանց առումով, որոնք բավականին բարի են, համակրելի և երբեմն նույնիսկ չափազանց համակրելի: Բայց, սկզբունքորեն, չափազանց բարեսրտությունն ավելի լավ է, քան սառը փակ դռները, ինչպես որոշ այլ վայրերում, այնպես որ, այո, այստեղ հաճելի է», — ընդգծել է Տիմոֆեյ Սկորենկոն։

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է նրան դրդել զբաղվել հայ ազգի մեջ գյուտի և գիտության զարգացման պատմության ուսումնասիրությամբ, նա նշել է, որ գիտությունը, որպես այդպիսին, ոչ մի ազգություն չունի։

«Իրականում գյուտարարությունն ու գիտությունն ընդհանրապես ազգություն չունեն և բացարձակապես կարևոր չէ, թե ինչ ազգություն ունի գիտնականը։ Ցանկացած ազգի ներսում կան հանճարեղ գիտնականներ, դա բոլորովին նորմալ է։ Իմ ընտրությունը հենց հայ գյուտարարական մտքի պատմության մասին գիրք գրելն էր, այն ավելի շատ գիտատեխնիկական մտքի ինչ-որ հատված մաքրելու միջոց էր, որպեսզի տեղավորվեր գրքի ծավալի մեջ, ինչպես նաև հետաքրքիր ուսումնասիրություն այն մասին, թե ինչպես է զարգացել գյուտարարական միտքը մի ազգի մեջ, որը սփռված է աշխարհով մեկ, որովհետև սովորաբար գյուտարարական դպրոցը լոկալ է: Օրինակ՝ ֆրանսիական գյուտարարական դպրոցը ձևավորվել է երկար տարիներ, քանի որ ֆրանսիացիներն ապրում են նույն տեղում։ Իսկ հայերը տարբեր երկրներում հսկայական թվով համայնքներ ու սփյուռք ունեն, որոնք տարբեր կերպ են զարգացել՝ ինտեգրվելով այդ համայնքներին։ Շատ հետաքրքիր էր ուսումնասիրել հենց այն, թե ինչպես է զարգանում գյուտարար միտքը մեկ ազգի մեջ, բայց տարբեր համայնքներում և Սփյուռքում», — ասել է լրագրողը:

Խոսելով իր՝ «ՄԱՐՍԱԳՆԱՑ. ԱԿՈՐԴԵՈՆ․ ՄՌՏ․ Հայ գյուտարարական մտքի պատմություն» գրքի մասին՝ Տիմոֆեյ Սկորենկոն նշել է, որ գիտահանրամատչելի գրականությունը գիտական գրականություն չէ, նրա խնդիրն է հետաքրքիր և պարզ պատմել բարդի մասին:

«ՄԱՐՍԱԳՆԱՑ. ԱԿՈՐԴԵՈՆ․ ՄՌՏ․ Հայ գյուտարարական մտքի պատմություն» գիրքը նախատեսված է ցանկացած ընթերցողի համար, քանի որ ես ձգտում էի օբյեկտիվության։ Փորձել եմ նայել բոլոր կողմերից, կարդացել եմ հսկայական քանակությամբ աղբյուրներ, հիմնականում ոչ հայկական, որովհետև հենց անգլալեզու և ռուսալեզու աղբյուրներն են ավելի հաճախ չեզոք: Եվ ես փորձեցի այս ամենը թարգմանել մարդկային լեզվով և պատմել որպես հետաքրքիր պատմություններ: Գիտահանրամատչելի գրականությունը գիտական գրականություն չէ, նրա խնդիրն է հետաքրքիր և պարզ պատմել բարդ բաների մասին», — նշել է Տիմոֆեյ Սկորենկոն։