Գիտություն, քաղաքացիական պատասխանատվություն և Հայաստան. Անդրեյ Սախարով
21 Մայիսի 2026, 23:25
Անդրեյ Սախարովը ծնվել է 1921 թվականի մայիսի 21-ին Մոսկվայում՝ մտավորական ընտանիքում, և դեռ վաղ տարիքից ցուցաբերել է բացառիկ ընդունակություններ ճշգրիտ գիտությունների նկատմամբ։ Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում ուսումը և պատերազմի տարիներին ռազմական գործարանում կատարած աշխատանքը կոփեցին նրա բնավորությունն ու կանխորոշեցին նրա գիտական ուղին։ Արդեն 1940-ականների վերջին Սախարովը հայտնվեց գերգաղտնի ծրագրերի կենտրոնում, որոնք կապված էին ջերմամիջուկային զենքի ստեղծման հետ։ 1953 թվականին նա ընտրվեց ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս՝ շրջանցելով միջանկյալ աստիճանները․ սա բացառիկ դեպք էր ակադեմիայի պատմության մեջ։
Միջուկային զենքի կործանարար ուժի գիտակցումը դարձավ Սախարովի կյանքի շրջադարձային պահը։ «Ջրածնային ռումբի հայրից» նա վերածվեց զինաթափման կողմնակցի և մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկի։ Նա մասնակցեց միջուկային փորձարկումների արգելման մասին պայմանագրի մշակմանը և հետագայում դարձավ ԽՍՀՄ իրավապաշտպան շարժման առաջնորդներից մեկը։
Նրա կյանքում կարևոր դեր խաղաց Ելենա (Լուսիկ) Բոնները՝ հայկական ծագմամբ նրա կինը։ Նրանց միությունը ոչ միայն ընտանեկան էր, այլև մտավոր․ Բոնները դարձավ նրա համախոհը, կազմակերպիչն ու «մտքի կենտրոնը»։ Նրանք միասին անցան հետապնդումների և Գորկիի աքսորի ծանր տարիների միջով, որտեղ Սախարովը դիմացավ հացադուլների և զրկանքների, սակայն երբեք չհրաժարվեց իր համոզմունքներից։
Սախարովի վերադարձը Մոսկվա 1986 թվականին դարձավ փոփոխությունների խորհրդանիշ։ Նա ակտիվորեն մասնակցում էր հասարակական կյանքին, հանդես գալիս Աֆղանստանի պատերազմի դեմ և պաշտպանում ԽՍՀՄ ժողովուրդների իրավունքները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Արցախի հայությանը։ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ նրա դիրքորոշումը հիմնված էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների վրա․ «Բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն ազատ կամարտահայտությամբ որոշելու իրենց ճակատագիրը»։ Հատկապես սուր էր նրա արձագանքը 1988 թվականի փետրվարին տեղի ունեցած Սումգայիթի ողբերգությանը, որը նա համարում էր հիմնարար իրավունքների կոպիտ խախտում։ Սախարովը մերժում էր բռնաճնշումների քաղաքականությունը և կարծում, որ Արցախի օրինակը կարող է հիմք դառնալ նոր քաղաքական մտածողության, վերափոխված ԽՍՀՄ-ի պահպանման և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։
Սախարովի մահը 1989 թվականի դեկտեմբերին մեծ կորուստ էր ոչ միայն գիտության, այլև համաշխարհային իրավապաշտպան շարժման համար։ Նրա անունը մնաց որպես խղճի, մտավոր ազնվության և քաղաքացիական խիզախության խորհրդանիշ։ Հայաստանում նրա հիշատակը առանձնահատուկ հարգանքով է պահպանվում․ Երևանում կա ակադեմիկոսին նվիրված հրապարակ և հուշարձան, ինչը ընդգծում է նրա հոգևոր ու բարոյական կապը հայ ժողովրդի հետ։