Չէի ասի, որ «3+3» ֆորմատն ունի հեռանկար․ Ջոնի Մելիքյան

16 Հոկտեմբերի 2024, 22:17

Քաղաքականություն

«Այսօր Վրաստան-Արևմուտք հարաբերություններում բավականին բարդ իրավիճակ է։ Վրաստանը տարածաշրջանային հարաբերությունների մասով հետաքրքրություն ունի, բայց ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրների ֆոնին իրենք նախընտրում են այսպիսի ֆորմատներից հեռու մնալ»,- Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը՝ ներկայացնելով, թե ինչու է Վրաստանը հրաժարվել մասնակցել «3+3» ֆորմատով հանդիպմանը։

Նրա խոսքով՝ շատ բան կախված է առաջիկայում Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքից ու դրա նկատմամբ Արևմուտքի դիրքավորումից․ ինչպիսի մոտեցում կլինի, ինչ հայտարարություններ, արդյունքներ կլինեն, «Վրացական երազանքը» կմնա՞ որպես իշխող քաղաքական ուժ, թե՞ կգա ընդդիմությունը։

«Ընդդիմության գալու դեպքում Արևմուտքի հետ էլ ավելի կսերտանան հարաբերությունները, ուստի այս ֆորմատի հետ կապված հեռանկարները լավ չեն լինի»,- նկատել է Մելիքյանը։

Փորձագետը, միևնույն ժամանակ, արդյունավետ չի համարում այդ հանդիպումը։

«Եթե իշխանությունները մնում են, բայց Արևմուտքի հետ փորձեր են արվում ու վերականգնվում են որոշ մակարդակի հարաբերությունները, ապա այս պարագայում միգուցե «3+3» ֆորմատին չմիանա, բայց տարբեր դիվանագիտական լծակներով Վրաստանի իշխանությունները փորձեն տեղեկատվություն ստանալ քննարկվող հարցերի մասին, քանի որ Վրաստանի շահերից են բխում տարածաշրջանի մասին քննարկումները։

Չէի ասի, որ այս ֆորմատն ունի հեռանկար, մինչև տարածաշրջանում կոնֆլիկտայնությունը չվերանա։ Իսկ մենք այսօր դա չենք տեսնում»,- եզրափակել է Ջոնի Մելիքյանը։