Դոնի Ռոստովում բացվել է ԽՍՀՄ հերոս Սերգեյ Օգանովի հուշարձանը
22 Հոկտեմբերի 2024, 18:45
Դոնի Ռոստովի Օկտյաբրսկի շրջանի թիվ 46 վարժարանի տարածքում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Սերգեյ Անդրեևիչ Օգանովի հուշարձանի հանդիսավոր բացումը:
Բացման արարողությանը ներկա էին շրջանի ղեկավարությունը, Օրենսդիր ժողովի պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Դոնի Ռոստովի հայ համայնքի ղեկավարությունը, դպրոցականներ, երիտասարդ զինվորներ:
Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, քանդակագործ Ներսես Կիրակոսյանի ստեղծած հերոսի կիսանդրին վարժարանին նվիրաբերվել է Դոնի Նախիջևանի հայ համայնքի վարչության նախագահ Հարություն Սուրմալյանի կողմից:
1941 թվականի աշնանը Օգանովի հրամանատարությամբ խիզախ հրետանավորները հետ են մղել թշնամու երեք գրոհները։ Խոցվել է թշնամու 22 տանկ։ Մարտիկները հերոսաբար զոհվել են, բայց կատարել հրամանատարության մարտական հրամանը: Թշնամու ոչ մի տանկ չի անցել իրենց զբաղեցրած պաշտպանության սահմանով։ Այդ սխրանքի համար Սերգեյ Օգանովը հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։
Միջոցառման հյուրերը հարգանքի տուրք են մատուցել հերոսի հիշատակին՝ ծաղիկներ դնելով հուշարձանին և մասնակցելով ծառատունկին: