Ես ազգանունս երբեք չեմ փոխել․ Նիկիտա Սիմոնյան
31 Հոկտեմբերի 2024, 00:05
Ռուսաստանի հայերի միության Երիտասարդական կենտրոնում առցանց հանդիպում է տեղի ունեցել լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի հետ: Լեգենդար մարզիկին խնդրել են մեկնաբանել այն դրվագը, երբ Թբիլիսիի Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում նրան «խորհուրդ էին տվել» փոխել ազգանունը Սիմոնիշվիլիով:
«Ես ազգանունս երբեք չեմ փոխել։ Հայրս Պողոս Սիմոնյանն է, մայրս՝ Վարսենիկ Սիմոնյանը։ Հայրս երբեք Հայաստանում չէր ապրել, բայց շատ էր սիրում այն և կարծում էր, որ պետք է հայերեն իմանալ։ Երբ ես աշխատում էի Հայաստանում, հաճախ հաղթանակի ժամանակ, մտքումս դիմում էի հորս», — նշել է Սիմոնյանը։
Լեգենդար մարզիկն ասել է, որ իր համար ամենակարևորն է՝ լինել և մնալ ազնիվ ու պարկեշտ:
«Չեմ ուզում, որ դա դիտվի պարծենկոտություն, բայց այսպես եմ ես միշտ ապրել», — ընդգծել է նա:
Որպես «Արարատ-73»-ի մարզիչ Նիկիտա Պավլովիչը ցույց է տվել, որ եթե նույնիսկ ֆուտբոլիստները հրաշալի են, բայց առանց նրանց միավորելու ունակ ղեկավարի և մարզչի, նրանց խաղն արդյունավետ չի լինի, ինչն արդիական է նաև այսօր:
Հյուրերի թվում էր նաև Սերգեյ Բելյաևը՝ բարձրագույն կարգի մրցավար, ով 20 տարի շարունակ ֆուտբոլային խաղադաշտերում խաչվել է Նիկիտա Սիմոնյանի հետ։ Սերգեյ Ալեքսանդրովիչը Սիմոնյանի հասակակիցն է, նա 95 տարեկան է և հիանալի մարզավիճակում է։
Ներկաները դիտել են «Նորին Մեծություն ֆուտբոլ» ֆիլմը: Ինքը՝ Նիկիտա Սիմոնյանը նշել է, որ կան կարևոր դրվագներ, որոնք, ցավոք, չեն հայտնվել ֆիլմում: