Հայաստանը բարելավել է դիրքերն արտահանողների վարկանիշում
08 Նոյեմբերի 2024, 18:00
Արտահանող երկրների վարկանիշը ներկայացնող World’s Top Exports հարթակի տվյալների համաձայն, 2023թ. արտահանումների համաշխարհային մակարդակը հատել է 23 տրլն դոլարը: Ըստ այդմ՝ արտահանման գծով առաջատարներն են Չինատանն ու Միացյալ Նահանգները:
Հայաստանն այս վարկանիշում զբաղեցրել է 104-րդ հորիզոնականը՝ նախորդ ժամանակաշրջանի համեմատ դիրքերը բարելավելով 57.7 %-ով: Այս աճը տարածաշրջանի և համադրելի երկների հետ համեմատած ամենաբարձրն է:
Հատկանշական է, որ հարթակում ներկայացվել է նաև Հայաստանից արտահանման ապրանքային կառուցվածքում թանկարժեք քարերի և մետաղների գերակշռությունը: Սա նշանակում է, որ այդ աճին նպաստել են արտաքին գործոնները, իսկ վերջիններս ԵԱՏՄ-ից, առավելապես` ՌԴ-ից եկող գործոններն են։
Պատահական չէ, որ ՀՀ-ից արտահանման 40.4%-ը միայն բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը: Սա, իր հերթին, հատկապես վերջին տարիների օրինաչափ զարգացում է, ինչը պահպանվում է առ այսօր:
Մասնավորապես ՀՀ-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունն ընթացիկ տարում ավելացել է 2 անգամ և միայն ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունն ընդհանուրի 41.4%-ն է կազմում:
Ամփոփելով նշենք, որ փաստացի արտաքին առևտրում գրանցված աճն առավելապես պայմանավորված է արտաքին՝ եվրասիական և ռուսական շուկաներից եկող գործոններով։