Ռուբեն Մարուխյան. Սցենարիստ, ում շնորհիվ նկարահանվել են լավագույն վավերագրական և գեղարվեստական ֆիլմերը
15 Նոյեմբերի 2024, 23:15
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Նոյեմբերի 15-ը խորհրդային դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր և բեմադրիչ Ռուբեն Մարուխյանի ծննդյան օրն է:
Ռուբեն Մարուխյանը ծնվել է 1934թ-ին Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, հետագայում գերազանց ավարտել Մոսկվայի պետական տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացները, որոնք ղեկավարել է Սերգեյ Օբրազցովը:
Մարուխյանն աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: Տասը տարի աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում և ռադիոյում՝ մանկապատանեկան հաղորդումների խմբագրությունում՝ որպես ռեժիսոր, որտեղ իրականացրել է մի քանի հեռուստաներկայացումներ, հեռուստատեսային հաղորդումների շարք, որոնք ժամանակին բարձր են գնահատվել մամուլի և լայն լսարանի կողմից:
Բացի այդ, Մարուխյանը հեղինակ է մի շարք պատմվածքների, վիպակների, իսկ նրա պիեսները բեմադրվել են հանրապետության թատրոններում, ռադիոյում և հեռուստատեսությունում: Նա հեղինակել է մի շարք հոդվածներ, որոնք նվիրված էին թատրոնին։ Դրամատուրգի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, իտալերեն, լեհերեն, գերմաներեն։
Մարուխյանի գրած սցենարներով նկարահանվել են վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր։ Նա նաև երկար տարիներ եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, նախապատրաստական դասընթացների բաժնի վարիչ: Ռուբեն Մարուխյանը նաև պրոֆիլային առարկաների առաջատար մասնագետ էր։
Նա նշանակալի ներդրում է ունեցել հայ մշակութային գործունեության մեջ՝ զարգացնելով հայկական կինոն և թատերական արդյունաբերությունը։
Ռուբեն Մարուխյանը կյանքից հեռացել է 2024 թվականի հունվարի 7-ին։