Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման սխալ բանաձև է ընտրել․ Իվան Սաֆրանչուկ
07 Հոկտեմբերի 2026, 22:30
ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր, ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Իվան Սաֆրանչուկը Alpha News-ին մեկնաբանել է ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարներն ու ուկրաինական հակամարտության հետագա կարգավորման հնարավորությունները։ Նա խոսել է Համապարփակ եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Ռուսաստանը և նոր բազմաբևեռությունը․ գաղափարից դեպի իրականություն» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում։
«Այն, որ Թրամփը գնաց երկխոսություն հաստատելու ճանապարհով, պայմանականորեն դրական պահ է․ նրա որոշ ինտուիտիվ, բնազդային ազդակներ ճիշտ են։ Եվ, ըստ երևույթին, դրանց հիմքում այն գիտակցումն է, որ առանց Ռուսաստանի ներկայիս համաշխարհային խնդիրները կարգավորելը բավականին դժվար է։
Քանի որ Թրամփը նաև ավելացնում է համաշխարհային խնդիրների թիվը, առնվազն՝ Իրանի ճգնաժամի պատճառով, առանց Ռուսաստանի ակտիվ մասնակցության միջազգային կյանքում դժվար կլինի հաղթահարել այդ խնդիրները։ Հետևաբար, նրան, իհարկե, անհրաժեշտ է վերացնել այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանի հետ փոխգործակցության վրա սահմանել էր ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը, և որոնք եվրոպական «պատերազմի կուսակցությունը» շարունակում է պարտադրել նրան։
Սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհը նա ընտրել է ոչ օպտիմալ, քանի որ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման նախապայման է դարձվել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։ Ես անձամբ կարծում եմ, որ փորձագիտական տեսանկյունից շատ ավելի տրամաբանական կլիներ նախ կարգավորել հարաբերությունները, իսկ հետո զբաղվել ուկրաինական ճգնաժամի լուծմամբ։
Հետևաբար, գործողությունների այն հաջորդականությունը, որն ընտրել է նա հարաբերությունների կարգավորման համար, ցավոք, արդյունք չի տալիս։
Եթե արդեն չի հաջողվում կարգավորել ուկրաինական ճգնաժամը, ապա, հավանաբար, պետք է ավելի մեծ շեշտադրում անել ռուս-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր կարգավորման վրա։Ես միտումնավոր օգտագործում եմ հենց «կարգավորում» բառը՝ ոչ թե հարաբերությունների բարելավում, այլ հենց կարգավորում կամ հարաբերությունների վերականգնում, որովհետև հարաբերությունների այն մակարդակը, որն այսօր գոյություն ունի, պարզապես աննորմալ է ժամանակակից աշխարհի և քաղաքակիրթ շփման նորմերի համար։ Դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի հետ կապված որոշ տարօրինակ ու անհեթեթ սահմանափակումները, ուղիղ ավիահաղորդակցության բացակայությունը և պատժամիջոցային ճնշման զգալի մասը նույնպես ժամանակակից միջազգային հարաբերությունների համար տարօրինակ ու աննորմալ պրակտիկաներ են։
Խնդիրը ճիշտ է ձևակերպված, սակայն դրա լուծման համար ընտրվել է սխալ բանաձև։ Եվ, ցավոք, Թրամփը մի ամբողջ տարի կորցրեց՝ փորձելով լուծում գտնել իր ընտրած սխալ բանաձևի շրջանակում», — ասել է Սաֆրանչուկը։
Փորձագետի կարծիքով՝ Թրամփը ձգտում է կարգավորել ուկրաինական ճգնաժամը ներքաղաքական դրդապատճառներով, սակայն, նրա գնահատմամբ, փոխզիջման՝ ոչ-ոքիի տարբերակի հասնելն անհնար է։
«Անցյալ տարի Թրամփն ուներ շատ լուրջ հաղթաթուղթ․ «Սա իմ պատերազմը չէ, ես դրա համար պատասխանատվություն չեմ կրում»։ Բայց եթե նա արդեն գրեթե երկու տարի է, ինչ գտնվում է նախագահի պաշտոնում, «իմ պատերազմը չէ» արտահայտությունը դառնում է ավելի ու ավելի քիչ համոզիչ և համարժեք։ Հետևաբար, այս տարի տեղի ունեցավ մոտեցումների վերաձևավորում։
Եթե նախկինում ուկրաինական ճգնաժամն օգտագործվում էր Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու համար, ապա այս տարի ակնհայտ է, որ և՛ ամերիկյան «խորքային պետությունը», և՛ եվրոպական «պատերազմի կուսակցությունը» ուկրաինական ճգնաժամն օգտագործում են անձամբ Թրամփին ռազմավարական պարտության մատնելու համար։ Տեսնենք՝ նրանց կհաջողվի՞ դա, թե՞ ոչ։ Թրամփի մոտ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում ի հայտ են գալիս ներքաղաքական դրդապատճառներ։ Նրա համար հարմար կլիներ, եթե այս ճգնաժամն ավարտվեր ոչ-ոքիով։ Իմ տեսանկյունից՝ ճգնաժամի սրությունն այնպիսին է, որ դրանում անպայմանորեն լինելու է հստակ արտահայտված պարտվող կողմ, և այս իմաստով ոչ-ոքին հնարավոր չէ։
Թրամփը շատ դանդաղ է ընկալում այս գաղափարը, ուստի ես այնքան էլ լավատես չեմ այս ճգնաժամի կարգավորման ուղղությամբ նրա հետագա ջանքերի վերաբերյալ», — եզրափակել է փորձագետը։