Հարավային Կովկասը Չինաստանի համար մնում է արտաքին քաղաքականության նոր ուղղություն․ Յանա Լեքսյուտինա
07 Հոկտեմբերի 2026, 21:30
Քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԳԱ պրոֆեսոր, ՌԳԱ Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի փոխտնօրեն Յանա Լեքսյուտինան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Չինաստանի քաղաքականությանը Հարավային Կովկասում, ինչպես նաև Ռուսաստանի վերաբերմունքին հետխորհրդային տարածքում Պեկինի ակտիվության նկատմամբ։
Նա խոսել է «Ռուսաստանը և նոր բազմաբևեռությունը․ գաղափարից դեպի իրականություն» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում, որը նվիրված էր Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի Համապարփակ եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 20-ամյակին։
«Չինաստանի ռազմավարության և ներկայության տեսանկյունից ես չէի նույնացնի Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը։ Կենտրոնական Ասիայում Չինաստանի ներկայությունը էական է և ձևավորվել է գրեթե երկու տասնամյակի ընթացքում։ Եթե դիտարկենք Կենտրոնական Ասիայում Չինաստանի տնտեսական ներկայության մասշտաբները, ապա դրանք իսկապես նշանակալի են։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա տարածաշրջանի բոլոր երկրների և Չինաստանի միջև հաստատվել է ռազմավարական գործընկերություն։ Սակայն իրականում սա ավելի ուշացած գործընթաց է, քանի որ Չինաստանի ռազմավարական գործընկերությունը երկրների մեծ մասի հետ ձևավորվել է շատ ավելի վաղ։ Այսօր Չինաստանն արդեն մի քանի տասնյակ նման հարաբերություններ ունի։
Այն փաստը, որ ռազմավարական գործընկերության հարաբերություններ են ձևավորվել նաև Հարավային Կովկասի երկրների հետ, վկայում է այն մասին, որ Չինաստանը տարածաշրջանի ուղղությամբ դեռ միայն առաջին քայլերն է կատարում։ Իրական հետաքրքրությունը, այդ թվում՝ տնտեսական և քաղաքական, սկսում է ձևավորվել միայն այժմ։ Այսինքն՝ մենք դեռ գտնվում ենք այս գործընթացի ամենասկզբում», — ասել է Լեքսյուտինան։
Խոսելով Հարավային Կովկասում Ռուսաստանի և Չինաստանի փոխգործակցության մասին՝ փորձագետն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները չի դիտարկում աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում։
«Ռուսաստանի և Չինաստանի միջև կա վստահության բարձր մակարդակ և լուրջ հարցերում փոխադարձ վստահության բարձր աստիճան։ Որ տարածաշրջանն էլ վերցնենք՝ Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան կամ որևէ այլ տարածաշրջան, Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կառուցվում են այն հիմքի վրա, ինչն Չինաստանն անվանում է մեծ տերությունների միջև նոր տիպի հարաբերություններ։
Այսինքն՝ ոչ թե մրցակցության, հակամարտության կամ զրոյական արդյունքով խաղի ռազմավարության հիման վրա, այլ չհակադրվելու և բացասական իմաստով մրցակցությունից զերծ մնալու սկզբունքով։
Իհարկե, առանձին ընկերությունների և առևտրային շահերի միջև կարող է մրցակցություն լինել։ Դա անխուսափելի է և բնական։ Սակայն Ռուսաստանի և Չինաստանի միջև Հարավային Կովկասում որևէ անառողջ մրցակցություն ես չեմ ակնկալում և չեմ տեսնում», — հավելել է Լեքսյուտինան։