Գեղարքունիքի մարզի բազկամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել

20 Հունիսի 2023, 08:50

Սպորտ

Հունիսի 8-ից 18-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի բազկամարտի առաջնությանը Հայաստանի հանրապետության հավաքականի կազմում մասնակցել են նաեւ Գեղարքունիքի մարզի երկու ներկայացուցիչ եւ տուն վերադարձել ոսկե մեդալներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, առաջնությանը մասնակցել են 31 երկրի 900 մարզիկ։ Հայաստանի Հանրապետությունը մրցավայր է ներկայացել 40 մարզիկով։ Գեղարքունիքի մարզը ներկայացրել  են Արման Մրտեյանը եւ Ջանիբեկ Ղազարյանը։

Արման Մրտեյանը հանդիսանում է Եվրոպայի քառակի չեմպիոն եւ աշխարհի կրկնակի բրոնզե, կրկնակի արծաթե մեդալակիր։ Նա 60 կիլոգրամ  քաշային կարգում ձախ եւ աջ ձեռքով գրավել է 1-ին տեղը, իսկ Ջ. Ղազարյանը գերծանրքաշային կարգում ձախ ձեռքով՝ 3-րդ, աջ ձեռքով՝ 1-ին տեղը։