Փաշինյանը կառավարություն կբերի այն մարդկանց, որոնք իր կողքին են. Բորիս Շմելյով

18 Նոյեմբերի 2024, 22:00

Կարծիք | Քաղաքականություն

Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի գլխավոր գիտաշխատող, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի քաղաքական հետազոտությունների սեկտորի ղեկավար Բորիս Շմելևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած պաշտոնանկություններին։

«Կարծում եմ, որ սովորաբար նման փոփոխություններ կառավարությունում լինում են, երբ ծրագրվում է քաղաքականության, քաղաքական գծի փոփոխություն, երբ սպասվում է ներքին կամ արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն։ Եվ, համապատասխանաբար, այն մարդիկ, որոնք չեն աջակցում այդ կուրսին, պետք է հեռանան, կամ լավ չեն գլուխ հանում իրենց պարտականություններից, ապա նրանց տեղը պետք է զբաղեցնեն նոր մարդիկ։

Ես կարծում եմ, որ հենց դրա հետ է կապված Փաշինյանի որոշումը ՝ թարմացնել նախարարների կաբինետը և այնտեղ նոր մարդկանց բերել։ Առաջինը կապված է այն բանի հետ, որ տնտեսական իրավիճակը Հայաստանում հեշտ չէ, և անհրաժեշտ են ինչ-որ նոր մոտեցումներ, նոր լուծումներ իրավիճակը բարելավելու համար, իսկ երկրորդը, որ պետք է հանգուցալուծում գտնել Ադրբեջանի հետ հարաբերություններում, խաղաղության պայմանագիր կնքել և ընդգրկվել տարածաշրջանային, գուցե նաևհամաշխարհային տնտեսական միտումներում»,- ասել է Շմելևը։

Փորձագետը նշել է, որ Փաշինյանը կառավարություն է տանելու այն մարդկանց, որոնք իրեն սատարում են և կանգնած են իր կողքին:

«Հայաստանն, ի վերջո, փակուղի է մտել իր ազգային գաղափարի իրականացման հարցում։ Կյանքը ցույց տվեց, որ դա անիրատեսական է, և անհրաժեշտ է շրջադարձ կատարել: Հայաստանը փակուղուց դուրս բերելու և զարգացման նոր խթան ստանալու համար անհրաժեշտ է շրջադարձ դեպի մյուս ուղղությամբ։

Հետևաբար, ինձ թվում է, որ Փաշինյանն, ըստ երևույթին, կառավարություն է տանելու իրեն սատարող մարդկանց, որոնք նրա կողքին են այն քաղաքականության մեջ, որի վրա նա կարող է հենվել։ Սա սովորական քաղաքական պրակտիկա է»,- եզրափակել է նա։