ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը սպառնալիքներ կստեղծի Հայաստանի անվտանգության համար․ Վլադիմիր Սկաչկո

14 Հոկտեմբերի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Վլադիմիր Սկաչկոն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարող նախկինի պես շարունակվել։

Փորձագետի կարծիքով՝ եվրաինտեգրման ուղեգիծ որդեգրելու և այդ ուղղությամբ համապատասխան փաստաթղթեր ստորագրելուց հետո Երևանի և Մոսկվայի հարաբերություններն իսկապես վերանայման կարիք ունեն։

«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինի, նա, իհարկե, անկեղծ է, եթե հաշվի առնենք այն ամենը, ինչ արել է վերջին տարիներին։ Երբ նա հայտարարեց եվրաինտեգրման ուղեգիծ որդեգրելու մասին և նույնիսկ այդ ուղղությամբ մի շարք արձանագրային փաստաթղթեր ստորագրեց, հարաբերություններն իսկապես վերանայման կարիք ունեցան։

Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ կողմնորոշվի՝ ում կողմն է, որովհետև երկու իրարից հեռու աթոռների վրա միաժամանակ նստելու փորձը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ոչ միայն տաբատի, այլև շատ ավելի լուրջ հարցերի առումով։

Մի կողմից՝ Փաշինյանը ցանկանում է գնալ դեպի Եվրոպա, մյուս կողմից՝ նույնիսկ նա շատ լավ հասկանում է, որ Հայաստանը կարող է անհետանալ աշխարհի քարտեզից, եթե վերջնականապես խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ և դուրս գա ոչ միայն նրա ազդեցության, այլև պաշտպանության ներքո լինելու շրջանակից։

Այդ դեպքում Հայաստանը կարող է անպաշտպան մնալ Ադրբեջանի, նրա թիկունքին կանգնած Թուրքիայի, ինչպես նաև Իրանի առջև։ Հայաստանի գործողությունները կարող են խնդիրներ ստեղծել նաև Իրանի համար, եթե Թրամփի ուղին լիարժեք գործարկվի, և այդ ճանապարհով սկսեն տեղափոխվել ամերիկյան բեռներ, որոնք սպառնալիք են ներկայացնում Իրանի անվտանգության համար», — հայտարարել է Սկաչկոն։

Քաղաքագետի խոսքով՝ չնայած եվրաինտեգրման ձգտումներին՝ Փաշինյանը գիտակցում է Հայաստանի աշխարհաքաղաքական բարդ դիրքը և փորձում է հավասարակշռություն պահպանել արտաքին քաղաքական տարբեր ուղղությունների միջև։

«Փաշինյանն, այնուամենայնիվ, հայ է և զուրկ չէ ողջախոհությունից։ Նա շատ լավ հասկանում է, որ մի բան ասելն ու մեկ այլ բան անելը տարբեր բաներ են, այդ պատճառով էլ փորձում է հավասարակշռություն պահպանել։

Իզուր չէ, որ նույնիսկ նրա կողմնակիցներն արդեն ասում են, թե նա հասկացել է եվրոպական ուղու անհեռանկարայնությունը և սկսել է վերանայել իր քաղաքականությունը»,- ընդգծել է Սկաչկոն։