Ռուսաստանը պատրաստ է Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի. Գալուզին

29 Նոյեմբերի 2024, 14:56

Քաղաքականություն

Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնությունների ողջ շրջանակին և չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում իր պարտավորություններից։ Այս մասին «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մոսկվան հավատարիմ է եղել և մնում է համաձայնությունների ողջ շրջանակին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքի միավորման շրջանակներում։ Մենք չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում»,- ասել է Գալուզինը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ ձևավորում է անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասում: Գալուզինը նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնության դերն այս հարցում միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դինամիկ իրավիճակը։

«Մենք պատրաստ ենք այս հրատապ թեմայի շուրջ Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի»,- ընդգծել է փոխնախարարը։