Թուրքիայի ճնշումները քառակի անգամ ավելանալու են Հայաստանի վրա․ Վարուժան Գեղամյան
14 Դեկտեմբերի 2024, 01:00
«Զանգեզուրի միջանցք» կոչվածը դարձել է Թուրքիայի ներքին ու արտաքին առաջնահերթություններից մեկը։ Alpha News-ի ուղիղ եթերում ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անդրադարձերը վերջին 2 տարիներին ունեն մեկ միտում, որոնք անդադար աճում են։ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը վերածվել է Թուրքիայի ներքին ու արտաքին առաջնահերթություններից մեկի։ Թուրքիան անցնում է, այսպես կոչված, միջանցքի իրականացման հաջորդ փուլին, երբ այն ոչ միայն դիվանագիտական հարթության խնդիր է, այլ այն նաև մատուցվում է հանրությանը՝ դառնալով հիմնական արտաքին քաղաքական նախաձեռնություններից մեկը»,- ասել է մեր զրուցակիցը։
Գեղամյանի խոսքով՝ Թուրքիան արդեն հասել է այն փուլին, որ Հայաստանի վրա ճնշումները քառակի անգամ կավելանան։
«Այսպես կոչված միջանցքը հասել է այն հանգրվանին, երբ արդեն կարիք կա ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի սկսի ՀՀ տարածքի հատվածի շինարարությունը կամ դրա գործարկման աշխատանքները։ Առաջիկա ամիսներին կտեսնենք ճնշման քառակի ավելացում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշել է Վարուժան Գեղամյանը։