Զախարովան Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը ոչ բարեկամական քայլ է անվանել
18 Դեկտեմբերի 2024, 14:43
Ռուսաստանը քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը գնահատում է որպես Երևանի կողմից ոչ բարեկամական քայլ: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ։
«Մենք Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը համարում ենք բացարձակ ոչ բարեկամական քայլ, որը հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին»,- նշել է նա։
Զախարովան ընդգծել է, որ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի իշխանություններին՝ պարզաբանումներ պահանջելով։
«Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել Երևանին հրաժարվել ինչ–ինչ պատճառներով իշխանությունների համար անհարմար դարձած ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու արատավոր պրակտիկայից։ Դա հատկապես տարօրինակ է թվում Հայաստանի իշխանությունների՝ բաց լինելու, ժողովրդավարության և բազմակարծությանը հավատարիմ մնալու մասին մշտական հայտարարությունների ֆոնին», — ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելվել էր։