Կոչ ենք անում չդառնալ այս վտանգավոր խաղերի մասնակիցը. Վրաստանի հայ համայնք

23 Դեկտեմբերի 2024, 16:18

Քաղաքականություն

Վրաստանի հայ համայնքը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է աշխատել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ՝ ի նպաստ Վրաստանի և համայնքի։

«Ոչ ոքի համար նորություն չէ, որ համայնքը քաղաքական պրոցեսներում կոնսոլիդացված չէ մի գաղափարի շուրջ։

Հաշվի առնելով, որ Վրաստանի Հայ Համայնք ՀԿ-ն, իր մեջ ազգային արժեքներ կրելով, հանդիսանում է համայնքի կարևոր կառույցներից մեկը, միշտ պատրաստ է եղել և ապագայում նույնպես պատրաստ է համագործակցել Վրաստանի քաղաքացիների մեծամասնության կողմից աջակցություն վայելող յուրաքանչյուր ուժի հետ, նույնպես պատրաստ է աշխատել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ՝ ի նպաստ Վրաստանի և համայնքի։ Հարկ է նշել, որ մեր շարքերում ազգային գաղափարի շուրջ հավաքված մարդիկ, ինչպես վայել է ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ կազմակերպությունը, ունեն տարբեր կարծիքներ Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացի նկատմամբ, նաև բազմաթիվ համակիրների շարքերում կան մարդիկ, ովքեր խաղաղ մասնակցում են ցույցերին ներկայացնելով անձնական, Վրաստանի շարքային քաղաքացու կարծիքը։

Հարկ ենք համարում անդրադառնալ սոցցանցերում տարածվող նախաձեռնությանը, որը նախատեսում է երկրի երկու խոշոր ազգային փոքրամասնությունների միառժամանակ երթը Թբիլիսիում, ինչը ծառայում է կազմակերպիչների քաղաքական նեղ շահերին և փորձելով դա ներկայացնել իբրև փոքրամասնությունների կոնսոլիդացում այս քաղաքական գործընթացների շուրջ, ինչը շատ վտանգավոր է։

Վրաստանի Հայ Համայնք հ/կ-ն պաշտոնապես հայտարարում է, որ որևէ կապ չունի այս նախաձեռնության հետ, հակառակը քննադատում է կազմակերպիչների կողմից մեր երկրում անցնող քաղաքական գործընթացներում ազգային փոքրամասնությունների առանձնացնելու փորձը և կոչ է անում իր բազմաթիվ համակիրներին չդառնալ այս վտանգավոր խաղերի մասնակից»,- ասվում է հայտարարության մեջ: