Խաղաղությու՞ն եք ուզում, ապա հանձնե՛ք. սա է Ալիևի մոտեցումը. Արթուր Մարտիրոսյան

09 Հունվարի 2025, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Հայկական կողմը միտումնավոր սխալ է հասկանում խաղը, այլ կերպ ասած չի հասկանում, թե ինչ է ուզում Ալիևը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է CMPartners խորհրդատվական ընկերության ավագ խորհրդատու, բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանը:

«Մենք ոչ միայն Ալիևի հռետորաբանությանը պետք է հետևենք, այլ նաև նրա գործողություններին: Ես արդեն 3 տարի է՝ ասում եմ, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, մինչև Ալիևը չհասնի իր նպատակներին: Ուղղակի հայկական կողմը միտումնավոր սխալ է հասկանում խաղը, այլ կերպ ասած չի հասկանում, թե ինչ է ուզում մյուս կողմը: Հենց այդ սխալ հասկանալու պատճառով էլ մենք այսօր տեսնում ենք հետևանքները: Այսինքն՝ խաղաղություն Ալիևն ուզում է, բայց իր պայմաններով, դա է իր նպատակը, միշտ եղել է և մնում է: Թե ինչպես է պարոն Փաշինյանը հասկանում տեղի ունեցողը, դա պարզ է նաև իր վերջին պատասխանից»,- նշել է Մարտիրոսյանը:

Նա ընդգծել է, որ ըստ Փաշինյանի՝ Ալիևին պետք է էսկալացիայի լեգիտիմություն:

«Մենք երբ լսում ենք լեգիտիմություն բառը, հասկանում ենք, որ այն աշխատում է, երբ կա համաշխարհային համակարգ, օրենք: Դա ինչ-որ չափով այդպես է, բայց մենք տեսնում ենք, որ մտնում ենք մի փուլ, երբ ամբողջովին փլուզվել է այն համակարգը, որը ստեղծվել էր Յալթայի կոնֆերանսում: Դրա պատճառով կողմերը, որոնք ունեն ուժ, կամք, կարողանում են թելադրել կամ ստանալ այն, ինչ ուզում են: Հիմա Ալիևը դա շատ հստակ հասկացել է, նրան պետք է միայնակ ստանալ մի կոնֆիգուրացիա, որտեղ նա ամենացածր ուժային ծախսերով կկարողանա հասնել իր նպատակին: Սա ուժային մասին է վերաբերում: Բայց նա նաև հասկանում է, որ դեռևս առանց ուժի կիրառման՝ պարտադրանքով կարող է հասնել նրան, որ ՀՀ-ն իրեն տա այն ամենն, ինչ ցանկանում է: Իր բանակցային մոտեցումը հետևյալն է՝ եթե խաղաղություն եք ուզում, ապա տվեք: Այստեղ կարող են ասել, թե Փաշինյանը դիվանագիտական մոտեցում է ցուցաբերում, չի պատասխանում Ալիևին, բայց կան բաներ, որոնց պետք է պատասխանել»,-եզրափակել է Մարտիրոսյանը: