Գլենդելը կարծես պատերազմից հետո լինի. Արտաշես Քասախյանն՝ ԱՄՆ-ի մահաբեր հրդեհների մասին
10 Հունվարի 2025, 12:55
Alpha News-ի ուղիղ եթերում Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանն անդրադարձել է Կալիֆորնիա նահանգում արդեն մի քանի օր մոլեգենող լայնածավալ հրդեհներին։ Վերջին տվյալներով՝ Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, հայտնում է CNN-ը:
Նշվում է, որ ավերվել է հինգ եկեղեցի, սինագոգ, յոթ դպրոց, երկու գրադարան, բուտիկներ, բարեր, ռեստորաններ, բանկեր և մթերային խանութներ։
Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության տարածաշրջանային ադմինիստրատոր Ռոբերտ Ֆենթոն կրտսերը հայտնել է, որ 360 հազար մարդու համար պարտադիր տարհանման հրաման է գործում:
Հրդեհներն արդեն անվանվել են Լոս Անջելեսի շրջանի պատմության ամենաավերիչներից մեկը:
«Կրակը դեռ չի հասել Գլենդելի որոշ շրջաններ: Կալիֆորնիայում մինչև անձրևների սեզոնը չսկսի, պետք է պատրաստ լինենք այսպիսի դեպքերի: Յուրաքանչյուրիս տանը պետք է լինի ջուր, մի քանի օրվա սնունդ: Հրդեհները տարածվում են ուժգին քամիների հետևանքով: Այս քամիները էլեկտրական հոսանքներին մեծ վնաս են տվել»,- ասել է Արտաշես Քասախյանը:
Նա նշել է, որ հասցված վնասը վերականգնելու համար մեծ ժամանակ է պահանջվում:
«Գլենդելը կարծես պատերազմից հետո լինի՝ ծառերը տապալվել են, էլեկտրական լարերն այրվել են: Ահավոր վիճակ է: Կփորձենք ամեն ինչ կարճ ժամանակում վերականգնել: Այսպիսի դեպքերը պատահում են անսպասելի: Բնության աղետների դեմ աշխարհը չի կարող պատրաստվել»,- նկատել է մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ամբողջությամբ այրվել է նաև Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը։ Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, որոնք ընդգրկել են քաղաքի արևմուտքում գտնվող մի քանի շրջաններ։