ՀԱՊԿ-ում ևս կարծում են՝ ԱՄՆ-ի հետ գործընկերության հաստատումը Հայաստանի սուվերեն իրավունքն է

14 Հունվարի 2025, 20:45

Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի կարծիքով՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թասմաղամբետովի մեկնաբանությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին։

«Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում։ Այդուհանդերձ, երկու կողմերի համար կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից. այսինքն՝ այս գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային միությունների համար»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ, նմանատիպ կարծիք էին հայտնել ինչպես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, այնպես էլ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Երևանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները համարելով Հայաստանի սուվերեն իրավունքը։

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնում հունվարի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրեն։