Բաքվում Ռուսական տան գրանցման անհրաժեշտության մասին նոտա է ստացվել․Եվգենի Պրիմակով
06 Փետրվարի 2025, 16:20
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է, որ Բաքվում ռուսական մշակութային կենտրոնի (Ռուսական տուն) գրանցման անհրաժեշտության մասին Ադրբեջանից բողոքի նոտա է ստացվել։ Այս մասին նա հայտնել է «Ռոսիա 24»-ի եթերում։
«Այնտեղ ասվում է, որ մեր ներկայացուցչությունը՝ ռուսական տեղեկատվական և մշակութային կենտրոնը, որը նաև հայտնի է որպես «Ռուսական տուն», պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ տեղական օրենսդրությամբ»,- հավելել է նա:
Պրիմակովի խոսքով՝ Ադրբեջանում «Ռուսական տունը» պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը հայտարարել է այն շտապ վաճառելու մտադրության մասին: «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարը նաև հավելել է՝ մեկ այլ շինության սեփականատեր, որի հետ բանակցություններ էին ընթանում, առայժմ «դադար է վերցրել»։
Նրա խոսքով՝ կենտրոնը Բաքվում զբաղվել է բացառապես հումանիտար համագործակցությամբ, և քաղաքական որևէ հարց երբևէ չի եղել:
«Բաքվում «Ռուսական տուն»-ը համեմատել USAID-ի հետ ընդհանրապես տեղին չէ: Մենք երբեք չենք զբաղվել և չենք զբաղվում որևէ քաղաքական հարցով։ Ռուսական մշակութային կենտրոնը զբաղվել է բացառապես հումանիտար համագործակցությամբ», — ասել է Պրիմակովը՝ հույս հայտնելով, որ Բաքուն կգտնի այդ հարցի համարժեք լուծումը։
Նա նաև հայտնել է, որ այժմ ԱԳՆ-ի միջոցով աշխատանքներ են տարվում․ «Հուսով եմ, որ Ադրբեջանի կողմից կգտնվի համարժեք, գիտակից, խելամիտ լուծում»։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքուն Ռուսաստանին ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեության դադարեցնելու մասին: