Ալիևների կլանի իշխանության ներքո Ադրբեջանը երբեք չի լինի Ռուսաստանի իսկական դաշնակիցը. Գլեբ Կուզնեցով
07 Փետրվարի 2025, 23:54
Ռուս քաղաքագետ Գլեբ Կուզնեցովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններին, ինչպես նաև Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեության դադարեցմանը։
Փորձագետի կարծիքով՝ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը պատճառ դարձավ, որ ադրբեջանական իշխանությունները փորձեն ինքնահաստատվել Ռուսաստանի հաշվին։
«Կա առիթ, կա պատճառ, ակնհայտ է, որ առիթն ինքնաթիռի հետ կապված ողբերգությունն է, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն վարող երկիր է: Ադրբեջանը հերքում է Ռուսաստանի գոնե ինչ-որ դրական ներդրումը Անդրկովկասի պատմության մեջ, իսկ եթե կարդում ենք ադրբեջանական պատմության դասագրքերը կամ դրանց ինչ-որ նյութեր, ապա տեսնում ենք, որ նրանք անվերջ քննարկում են, թե ինչպես է Ռուսաստանը վատ ազդեցություն ունեցել Ադրբեջանի, Կովկասի և այլնի վրա։
Բնականաբար, երբ ինքնաթիռի հետ կապված պատմությունը ծագեց, Ադրբեջանի իշխանությունները մեծ ցանկություն ունեցան փորձել ինքնահաստատվել Ռուսաստանի հաշվին, ցույց տալ, որ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ փոխզիջումային տարբերակների փնտրտուքի, այլ հռետորաբանության մակարդակով պատրաստ է իրեն Ռուսաստանից վեր դասել և լիովին կայացել է որպես բացարձակ անկախ պետություն։
Սա է Ադրբեջանի վերջին հայտարարությունների, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գրասենյակի փակման և այլնի հետ կապված ողջ պատմության ներքին նյարդը։ Կարծում եմ՝ այս իրավիճակը դեռ կշարունակվի։ Սա միայն սկիզբն է, և մենք դեռ կտեսնենք ահագնացող, ագրեսիվ հակառուսական հայտարարություններ ։ Դրանք բխում են Ադրբեջանի ողջ ներքին գաղափարախոսությունից, որն այսօր գոյություն ունի»,- ասել է Կուզնեցովը։
Նա միաժամանակ նշել է՝ չնայած նրան, որ հարաբերություններում ճգնաժամ կա, Ադրբեջանը շարունակում է ռուսական գազը Եվրոպա վաճառել ադրբեջանականի անվան տակ։
«Եվ մենք բոլորս հասկանում ենք այդ սխեմաները, սահմանը փակված չէ, առևտրային հարաբերությունները շարունակում են զարգանալ։ Հռետորաբանության և որոշ գաղափարական բաների մակարդակով Ադրբեջանը ցուցաբերում է ծայրահեղ հակառուսական կողմնորոշում, բայց պրակտիկայի մակարդակով մնում է Մոսկվայի առևտրային գործընկերը»,- հավելել է Կուզնեցովը։
Անդրադառնալով Մոսկվայի արձագանքին՝ փորձագետն ասել է, որ տնտեսական հարաբերությունները պահպանելու համար երբեմն ստիպված են լինում հանդուրժել տհաճ խոսքերը։
«Ցավոք, հիմա մեր ձեռքերը հիմնականում կապված են, քանի որ Ադրբեջանը կարևոր գործընկեր է ռուսական էներգառեսուրսների արտահանման համար՝ հաշվի առնելով պատժամիջոցների պատճառով ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանը նման գործընկերներ շատ չունի և երբեմն ստիպված է լինում դիմանալ իր հասցեին հնչող տհաճ խոսքերին, որպեսզի պահպանի առևտրային, տնտեսական հարաբերությունները։
Բայց ապագայում, երբ ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվի, այդ ժամանակ հնարավորություն կստեղծվի արժանապատվորեն պատասխանել այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր։ Ադրբեջանը երբեք, համենայնդեպս Ալիևների կլանի իշխանության օրոք չի լինի Ռուսաստանի դաշնակիցը։ Լավագույն դեպքում առևտրային գործընկեր է, բայց չի կարելի ասել, որ չափազանց հուսալի է: Ադրբեջանի պետական գաղափարախոսության դիրքավորումն ինքնին կապված է Կովկասում Ռուսաստանի և ռուսների ցանկացած դրական դերի ժխտման հետ։
Չափազանց միամտություն է կարծել՝ մի երկիր, որի պետական գաղափարախոսությունը կապված է ոչ թե Ռուսաստանի դերի նսեմացման, այլ Ռուսաստանից ցանկացած դրականի ժխտման հետ, կարող է իսկական դաշնակից լինել, այլ ոչ թե պարզապես արտաքին առևտրային գործընկեր»,- եզրափակել է Կուզնեցովը։