Եվրոպական շատ երկրներում արտահերթ ընտրություններ կլինեն, կգան պահպանողական ուժեր. Բալասանյան
20 Փետրվարի 2025, 22:00
Միայն Ռուսաստանի դեմ ընդհանուր պայքարն է եղել այն միավորող գործոնը, որով ԱՄՆ-ը և Եվրոպական միությունը շարժվել են առաջ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:
«Այն, ինչ այսօր կատարվում է Արևմուտքի ներսում, ըստ էության, ցույց է տալիս, որ միշտ էլ խոր անջրպետ է եղել Միացյալ Նահանգների և Եվրոպական միության միջև: Միայն Ռուսաստանի դեմ ընդհանուր պայքարն է եղել այն միավորող գործոնը, որով ԱՄՆ-ը և Եվրոպական միությունը շարժվել են առաջ: Հենց Միացյալ Նահանգները որոշեց մի փոքր այլ քաղաքականություն վարել ՌԴ-ի նկատմամբ և փորձել պայմանավորվել, անմիջապես երևաց հավաքական Արևմուտքի քաղաքական մերկությունը, քանի որ բովանդակ Արևմուտքից զատ Եվրոպական միությունը ոչինչ չունեցավ առաջարկելու նույն Ուկրաինային, որովհետև զենքի մատակարարումների, ֆինանսական հոսքերի առումով, կարծես, ամբողջ ծանրությունն իր վրա վերցրել էր ԱՄՆ-ը:
Բացի այդ, այստեղ մեկ այլ կարևոր հանգամանք կա. ՆԱՏՕ-ն որպես կառույց ցույց է տալիս, որ այն էֆեկտիվությունը, որի մասին այդքան խոսվում էր, ձևավորված էր ԱՄՆ-ի շուրջ: Բավական է՝ Միացյալ Նահանգները կոչ անի Եվրոպական միության պետություններին վճարել սեփական անվտանգության ապահովման համար, կամ ԱՄՆ-ի նախագահը մտորի՝ միգուցե ժամանակն է Մերձբալթյան երկրներից դուրս բերել ամերիկյան զորքերը, միանգամից պարզ է դառնում, որ Եվրոպական միությունն ինքնուրույն չի կարող իր անվտանգությունը ապահովել: Մենք այստեղ գործ ունենք ոչ միայն երկու հակադիր խմբավորումների հարաբերություններում որոշակի տրասնֆորմացիայի, այլև՝ բովանդակ Արևմուտքի ներսում տեղի ունեցող լուրջ գործընթացների հետ: Թրամփն, ըստ էության, այն եզակի ղեկավարներից է, որ Արևմուտքին ցույց է տալիս՝ ամեն դեպքում «թագավորը մերկ է»: Այսինքն՝ առանց ԱՄՆ-ի Եվրոպան չի կարող լինել ինքնուրույն աշխարհաքաղաքական կենտրոն»,- նշել է Բալասանյանը:
Միջազգայնագետն ընդգծել է, որ Եվրոպական միության մի շարք երկրներում ընտրություններ են լինելու, և իշխանության են գալու կա՛մ աջ, կա՛մ պահպանողական ուժերը:
«Երբ խոսում են Եվրոպական միության մասին, տպավորություն է ստեղծվում, թե դա այն իդեալական կառույցն է, որտեղ խնդիրներ չկան, բայց երբ Թրամփը սկսեց խոսել իրական վիճակի մասին, ԵՄ-ի ներսում սկսեցին խնդիրներ հայտնվել: Չեմ բացառում՝ կլինեն պետություններ, որոնք կինքնամեկուսանան և կփորձեն ժամանակ շահել, բայց դրանց թիվը քիչ կլինի: Թե ինչ կանի Եվրոպական միությունը Թրամփի նոր քաղաքականությանը հարմարվելու համար, անկասկած այս պետություններում լինելու են ընտրություններ: Եվ դատելով իրավիճակից՝ իշխանության են գալու կա՛մ աջ ուժեր, կա՛մ պահպանողական, ազգային արժեքների պահպանության համար պայքարող ուժեր, որոնց իշխանության գալը կնպաստի և՛ նրանց ու Թրամփի միջև հարաբերությունների կարգավորմանը, և՛ նրանց ու ՌԴ-ի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- եզրափակել է Բալասանյանը: