Ինչո՞ւ է Հայաստանում նվազում դրական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ

10 Մայիսի 2023, 17:52

Կարծիք

Միջազգային հանրապետական ինստիտուտի 2023թ. հունվար-մարտ ամիսների հարցման արդյունքներով՝ Հայաստանի բնակիչների դրական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ այլ երկրների համեմատ նվազել է:

Հարցվածների 50 %-ն է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակը գնահատել լավ, իսկ 49 %-ը՝ վատ: Մինչդեռ 2019 թ. հոկտեմբերի տվյալով, Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների վիճակը լավ գնահատողների թիվն աննախադեպ մեծ էր՝ 93 %:

Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ հայ հասարակության դրական վերաբերմունքի նվազումը, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նշում է.

«Ռուսական կողմը տեղեկատվական դաշտում զգալիորեն պարտվում է Արևմուտքին, պարտվում է նաև իշխանություններին և այդ ամենի համադրումը բերում է նրան, որ հասարակության մոտ կարծիքի փոփոխություն է տեղի ունենում»:

Հայաստանում Ռուսաստանի դիրքերը շարունակում են նվազել նաև անվտանգության ոլորտում: Հարցվածների մեծ մասի գնահատմամբ՝ անվտանգության ոլորտում Հայաստանի համար առավել կարևոր գործընկերներ են Իրանն ու Ֆրանսիան, ապա Ռուսաստանը:

Չնայած Ռուսաստանի նկատմամբ հայ հասարակության դրական վերաբերմունքի փոփոխությանը՝ այդուհանդերձ, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի համար առավել կարևոր տնտեսական գործընկեր: