Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահը հրաժարական է տվել
03 Մարտի 2025, 10:25
Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմմաթիի իմպիչմենթից հետո։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Fars գործակալությանը։
Ըստ աղբյուրի՝ փոխնախագահն իր խնդրագիրը ներկայացրել է Իրանի Մեջլիսի նիստից հետո, որի ժամանակ Հեմմաթին հեռացվել է պաշտոնից։ Նշվում է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանը դեռ չի ընդունել Զարիֆի հայտարարությունը։
Իրանի ներկայիս կառավարության ձևավորումից ի վեր սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Զարիֆը փորձում է հեռանալ իր պաշտոնից: Առաջին անգամ նա նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել օգոստոսի 11-ին՝ ընդամենը 10 օր պաշտոնավարելուց հետո։
Նա իր որոշումը բացատրել է «սեփական աշխատանքից դժգոհությամբ»՝ որպես խորհրդատվական խորհրդի ղեկավար, որը ստեղծվել է գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում Փեզեշքիանի ընտրվելուց հետո և պատասխանատու է նոր կաբինետի թեկնածուների ընտրության համար։ Այդ անգամ նախագահը չի ընդունել նրա դիմումը և համոզել է մնալ։