Դե գնացեք Արցախ եւ մարդու իրավունքներից խոսեք, 120 000 հայ շրջափակման մեջ է. ՀՅԴ-ականը՝ ՄԱԿ-ին

28 Հունիսի 2023, 11:34

Քաղաքականություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած «SOS Artsakh» կարգախոսով 24-ժամյա նստացույցն ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դեսպանատների եւ Եվրամիության ներկայացուցչության դիմաց։

Ակցիայի մասնակիցները քիչ առաջ երթով շարժվեցին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ: Նրանք կոչ արեցին ՄԱԿ-ին գործուն քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակման վերացման ուղղությամբ:

«Ինչո՞ւ է Ադրբեջանը մինչ այս պահն անպատիժ: Դուք խոսում եք միջազգային իրավունքի, մարդու իրավունքների մասին, ինչո՞ւ հետեւողականորեն չեք պատժում Ադրբեջանին ձեր իսկ խոսքերը, հորդորները, սկզբունքներն անտեսելու, ոտնատակ անելու համար: Մի՞թե Ադրբեջանի նավթային շանտաժն ավելի ուժեղ է, քան 120 000 մարդու կյանքը, թերսնումը, կրթության, առողջության իրավունքից զրկումը, սրանք այն իրավունքներն են, որոնք դուք քարոզում եք: Մի՞թե կարելի է երկակի ստանդարտներն այսքան նողկալի առաջ մղել:

Դուք մարդու իրավունքներից եք խոսում, ուզո՞ւմ եք, որ ձեզ հավատան, դե գնացեք Արցախ ու մարդու իրավունքներից խոսեք, կյանքի, ազատության իրավունքից խոսեք: Եթե միջազգային հանրությունը դեռեւս հույս ունի միջազգային իրավակարգը պաշտպանել, իսկ Ադրբեջանն ասում է, որ թքած ունի այդ իրավունքի վրա, դա չի գործում եւ ինքն իր հարցերը ուժի միջոցով է լուծում, ապա խոսքից պետք է գործի անցնել:

ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է դատապարտի ադրբեջանական ագրեսիան եւ իրականացնի այդ դատապարտումը, հստակ քայլեր ձեռնարկի, պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ, այլապես բոլոր թղթերը, որ երբեւէ ընդունել է ՄԱԿ-ը, մակուլատուրայի արժեք էլ չեն ունենա»,- դիմելով ՄԱԿ-ին՝ հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 27-ի վաղ առավոտից ՀՅԴ-ն 24-ժամյա նստացույց էր նախաձեռնել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դեսպանատների եւ Եվրամիության ներկայացուցչության դիմաց։ Ակցիան կրում է SOS Artsakh խորագիրը։ ՀՅԴ-ն պահանջում է գործուն քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակման դադարեցման ուղղությամբ: