ԵԽ պատգամավորը նամակ է հղել Կայա Կալասին՝ Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցով
07 Մարտի 2025, 11:54
Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։
«Պարոն Վարդանյանի հետ միասին Ադրբեջանում պահվում են ևս 22 հայեր, որոնց իրավունքները խախտվում են։ Նրանց կալանքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ես խորապես երախտապարտ կլինեմ, եթե Դուք ցուցաբերեք ձեր աջակցությունն այս հարցում։ Վստահ եմ, որ ԵՄ-ի կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերը կարող են էականորեն օգնել այս կալանավորված անձանց։ Կա աճող մտահոգություն, որ նրանք կարող են օգտագործվել որպես պատանդներ», — իր նամակում գրել է Կարթեյզերը և Կայա Կալասին կոչ է արել դիտարկել հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցով դիմելու հնարավորությունը, իսկ դրանից հետո աջակցել նրանց ապահով վերադարձին Հայաստան։