Սիրիայի հայ համայնքը ֆինանսապես դժվար կացության մեջ է. Զարմիկ Պողիկյան

11 Մարտի 2025, 21:30

Քաղաքականություն

Սիրիայում վերջին օրերին կրկին լարված իրավիճակ է։ Զանգվածային բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր զոհվել է 1311 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի և պաշտպանության նախարարության 231 ներկայացուցիչ, նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի 250 կողմնակից և 830 խաղաղ բնակիչ։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանի հետ:

«Լաթաքիայի կենտրոնական հատվածներում այսօր վիճակն ավելի կայուն է, բայց մարդիկ շարունակում են միայն խիստ անհրաժեշտ դեպքերում տնից դուրս գալ: Երեկվանից քաղաքում ստուգողներ կան, անցորդներին, ինչպես նաև մեքենաները խուզարկում են, որ ավելի վտանգավոր դեպքեր չլինեն: Կրթության նախարարությունը որոշում է ստորագրել, որ Լաթաքիայի դպրոցները մինչև շաբաթվա վերջ դեռ փակ կմնան: Հայ համայնքի դպրոցն էլ հավանաբար կշարունակի փակ մնալ: Քաղաքում էլեկտրականություն չկա, ջուրը հաճախ անջատվում է, դեղորայքի պակաս կա, իսկ մարդիկ տագնապի մեջ են»,- նշել է Պողիկյանը:

Խոսելով հայ համայնքի ներկա վիճակի մասին՝ նա ասել է. «Տեղի հայերը հայտնել են, որ այսօր իրենց թաղամասերում կրակոցների ձայներ չեն լսվել, բայց հարակից տարածքներում լսելի եղել են: Հայ համայնքը տնտեսական վատ վիճակում է: Օրեր շարունակ մարդիկ չեն աշխատում: Եկեղեցական արարողություններ չեն լինում անվտանգությունից ելնելով, բայց եկեղեցին փորձում է ամեն կերպ հայերին օգնել: Նախորդ անգամ նշել էինք, որ 2 հայ է զոհվել, նրանցից բացի այլ զոհեր կամ վիրավորներ մեր հայրենակիցների շրջանում չկան: Հայ համայնքին հորդորում ենք տներից դուրս չգալ, քանի դեռ իրավիճակն ամբողջովին չի կայունացել»։

Հիմա եթերում