Բաքվից գնված գազը չի կարող կարևոր լինել մարդու իրավունքներից. ԵԽ-ում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը

13 Մարտի 2025, 13:30

Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների վերաբերյալ բանաձևը՝ հրատապ ընթացակարգի ներքո։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող և բանաձեւի համահեղինակներից Միրիամ Լեքսմանն իր ելույթում նշել է, որ Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարություններն ու գերիների անմարդկային պայմանները ցույց են տալիս Ալիևի իրական դեմքը՝ ռեժիմ, որն անտեսում է միջազգային պարտավորությունները։

«Մինչ Եվրոպական միությունը ձգտում է ռազմավարական գործընկերության, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին և խոչընդոտել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։

Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում հրատապ անհրաժեշտություն կա, որ Եվրամիությունը պաշտպանի իր արժեքները, հատկապես իր անմիջական հարևանությամբ։ Փոխարենը, մենք կրկին փորձում ենք բավարարել բռնապետին և խրախուսել Ալիևի գործողությունները՝ ընդլայնելով առևտրային համագործակցությունը։ Մի՞թե մենք դասեր չենք քաղել։ Ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ և գործել՝ ըստ մեր արժեքների և սկզբունքների», — իր ելույթում ասել է եվրախորհրդարանական Միրիամ Լեքսմանը։

Հայաստանի հարցերով համազեկուցող և բանաձեւի համահեղինակներից Վասիլե Դինկուն իր ելույթում նշել է՝ հայ քաղաքական բանտարկյալների վիճակը մեծ հարցական նշան է Կովկասի այս հատվածում արդարության, կայունության և խաղաղության վերաբերյալ։ Նա հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդարանը վերոնշյալ հարցերում երբեք չի շեղվել իր սկզբունքներից՝ այդ թվում Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցում։

«Մենք ցանկանում ենք լինել այս դատավարությունների մասը և աջակցել այն հնարավոր պատժամիջոցներին, որոնք կուղղվեն ադրբեջանական այն պաշտոնյաների դեմ, որոնք կատարում են դատական բռնություններ։ Մենք պետք է խիստ պատժամիջոցներ կիրառենք այս պաշտոնյաների նկատմամբ և խրախուսենք ապագայում նման բռնությունների կանխարգելումը։ Ապագան հեռու է դրականից։ Տարածաշրջանում ռազմական իրավիճակը հաշվի առնելով՝ մենք պետք է գործենք հիմա և ընդունենք կոնկրետ միջոցներ՝ապագա ողբերգություն թույլ չտալու համար», — իր ելույթում նշել է եվրապատգամավորը։

Առաջարկված բանաձևի համահեղինակ, Հայաստանի հարցերով համազեկուցող Նատալի Լուազոն իր ելույթում նշել է, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները ոչնչով չեն զիջում ստալինյան դատավարություններին, և որ գերիների միակ «մեղքը» հայ լինելն է։ Լուազոն, դիմելով ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին, ափսոսանք հայտնել է, որ նա հերթական անգամ ներկա չէ լիագումար նիստին և չի լսում իրենց։ Պատգամավորը Կայա Կալասին հորդորել է գնալ Հայաստան և տեղում տեսնել, որ կա մի երկիր՝ խաղաղության ձգտումով ու Եվրոպայի երազով։ Եվրախորհրդարանականը կոչ է արել լսել ու իրականացնել այն, ինչ երկար ժամանակ է անընդհատ պահանջում է Եվրոպական խորհրդարանը։

ԵԽ քաղաքական բոլոր խմբակցություններից ելույթ ունեցած ավելի քան մեկ տասնյակ պատգամավորներն կարեւորել են ԵՄ-ի խիստ դիրքորոշման, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը և ստեղծված քաղաքական իրավիճակն անվանեցին ամոթալի։

Պատգամավորները հիշեցրել են, որ Բաքվից գնված գազը չի կարող առավել կարևոր լինել մարդու իրավունքներից և Եվրոպական արժեքներից՝ հատկապես ընդգծելով, որ որևէ տարբերություն չկա ռուսական և ադրբեջանական գազի միջև։

Քննարկման ավարտին ելույթով հանդես է եկել Եվրոպական Հանձնաժողովի հանձնակատար Դան Յորգենսենը։